Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության խոսնակը հակադարձում է նախկին արտգործնախարարի հայտարարություններին


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով
«Մենք գտնում ենք, որ Հայաստան - Թուրքիա գործընթացի բոլոր փուլերում նախագահ Սարգսյանի իրականացրած քաղաքականությունը բխել է Հայաստանի Հանրապետության շահերից», - ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի հայտարարություններին:

«Պարոն Օսկանյանը ունի իր կարծիքը, որի հետ, բնականաբար, մենք համամիտ չենք», - ընդգծեց իշխող կուսակցության խոսնակը: - «Չեմ կարծում, որ պարոն Օսկանյանի կարծիքը արտացոլում է մեր հասարակությունում մեծ մասի կարծիքը, Հանրապետականն էլ գտնում է, որ Սերժ Սարգսյանի իրականացրած քայլը լավագույն տարբերակն էր այսօրվա իրավիճակում»:

Վարդան Օսկանյանի այն պնդմանը, թե «իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը, այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը», Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. - «Ե'վ հանրապետության նախագահ պարոն Սարգսյանը, ե'ւ արտգործնախարար պարոն Նալբանդյանը ասել են, որ հայկական կողմը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան ներգրավվի ղարաբաղա - ադրբեջանական կոնֆլիկտի լուծմանը: Եթե ուշադիր չի եղել նախկին արտգործնախարարը, ժամանակ ունի` կարող է կարդալ եւ իմանալ»:

«Նախագահ Սարգսյանը Հայաստան - Թուրքիա գործընթացի բոլոր փուլերում իրականացրել է քաղաքականություն, որը բխել է հայության եւ Հայաստանի Հանրապետության շահերից: Եվ մեր համոզմունքը այն է, որ մենք իրականացնում ենք արդյունավետ քաղաքականություն», - վստահեցրեց Հանրապետականի խոսնակը:

Ինչ վերաբերում է Օսկանյանի զգուշացմանը, որ այժմ Ղարաբաղի հարցում նույնն է տեղի ունենում, եւ «բանակցային գործընթացը ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով», ապա Էդուարդ Շարմազանովը շեշտեց. - «Պարոն Օսկանյանը շատ լավ պետք է գիտակցի, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը եւ արտաքին քաղաքական պատասխանատուները` ի դեմս նախագահի եւ արտգործնախարարի, շատ հայրենասեր, արհեստավարժ, գործին քաջատեղյակ մարդիկ են եւ թույլ չեն տա, որպեսզի Հայաստանի շահը ոտնահարվի»:

«Կարծում եմ, պարոն Օսկանյանը դա շատ լավ գիտի, ավելի լավ գիտի, քան որեւէ մեկը, եւ նման արտահայտություններ անելու կարիք չկա», - ամփոփեց իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG