Մատչելիության հղումներ

Թուրքիայում բնակության իրավունք է տրվել ծանր հիվանդությամբ տառապող հայաստանցուն եւ նրա մորը


Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդում են Հայաստանի քաղաքացի Արթուր Մանուկյանի եւ նրա մոր մասին, ում Թուրքիայի իշխանությունները` վարչապետ Ռեջեփ էրդողանի հրահանգով, երկրում հինգ տարի բնակություն հաստատելու իրավունք են տվել։

21-ամյա Մանուկյանը տառապում է գլխուղեղի ծանր եւ շատ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, որը, ըստ մոր, այսօր Հայաստանում անհնար է բուժել։

Դեռեւս անցած տարվա կեսերից մի շարք թուրք իրավապաշտպաններ, ինչպես նաեւ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էին վարչապետին եւ խնդրել Թուրքիայում օրինական բնակության իրավունք տալ հայազգի երիտասարդին։

Ապրիլի 24-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ խնդրին միջամտել էր նաեւ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Արիթմանը։ Մինչ այդ հայերի հասցեին բավական կոշտ, երբեմն վիրավորական եւ աղմկահարույց հայտարարություններով հայտնի պատգամավորը մոտեցել էր էրդողանին եւ շշուկով ինչ-որ բան ասել։ Հետագայում, երբ լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչի մասին է խոսել վարչապետի հետ, Արիթմանը պատասխանել էր. - «Ես խնդրեցի նրան մշտական բնակության իրավունք տալ ծանր հիվանդությամբ տառապող հայազգի երիտասարդին։ Այսօր ապրիլի 24-ն է, եւ ես ուզում եմ ցույց տալ, թե որքան մեծահոգի է թուրք ժողովուրդը»։

«Անշուշտ խորհրդանշական իմաստ ունի այն հանգամանքը, որ այս խնդիրը իր լուծումը ստացավ ապրիլի 24-ի շրջանին, այդուամենայնիվ, չէինք ուզի քաղաքականացնել իշխանությունների կողմից կայացված որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։ - «Ի վերջո, մարդասիրական արարքները ճիշտ չէ վերագրել քաղաքական նպատակների: Այստեղ գլխավոր նպատակը Արթուրի առողջության վերականգնումն է, հետեւաբար` մենք նախընտրում ենք դրական վերաբերմունք ցույց տալ»:

21-ամյա երիտասարդի ճակատագրով հայկական համայնքն ու թուրքական լրատվամիջոցները ակտիվորեն սկսել էին հետաքրքրվել հատկապես BBC-ին Էրդողանի տված հարցազրույցից հետո, որտեղ վարչապետը սպառնացել էր վտարել Թուրքիայում ապրող հազարավորի ապօրինի հայ միգրանտներին։

«Ես չեմ կարող ճամփորդել, գիտեմ` եթե ստիպեն հեռանալ, կմահանամ ճանապարհին», - այդ սպառնալիքները լսելուց հետո թուրքական Hurriyet-ին ասել էր հայ երիտասարդը եւ հավելել. - «14 տարեկանում, երբ առաջին անգամ իմացա հիվանդությանս մասին, որոշեցի ինքնասպան լինել, սակայն հիշեցի Աստվածաշունչը։ Հիմա կամաց-կամաց կորցնում եմ տեսողությունս, սակայն ուզում եմ ապրել»։

Hurriyet-ի վերլուծաբանը, իր հերթին, կարծիք էր հայտնել, թե «այս դեպքը հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ամենածանրակշիռ փաստարկն է»: «Այսօր Թուրքիայում բուժման կարիք ունի Մանուկյանը, վաղը գուցե բժշկական սարքավորումներով չհագեցած Կարսից մեկին անհրաժեշտ լինի բուժվել Երեւանում, ուր հասնելու համար մեքենայով ընդամենը երկու ժամ է հարկավոր», - ընդգծել էր թուրք վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG