Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնաբանում է հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումները


Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը հանդես է եկել հայ-թուրքական գործընթացում վերջին զարգացումների մեկնաբանությամբ՝ քննադատելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Անդրադառնալով, մասնավորապես, հայ-թուրքական գործընթացը կասեցնելու քայլին՝ Օսկանյանը նշում է, որ իշխանությունները Հայաստանի համար ընտրեցին ամենավատ տարբերակը:

«Այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար` ոչինչ չանելուց մինչեւ ստորագրության հետկանչը, իշխանությունը ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը եւ Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց եւ չհրաժարվեց դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում», - նշում է նախկին արտգործնախարարը:

Ըստ նրա, հենց սկզբից էլ պարզ էր, որ «հնարավոր չէր երկար ձգել այս`ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, եւ իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը»: Զարմանալին, Օսկանյանի համար այն է, որ այսօր «իշխանություններ բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետեւել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին եւ ոչ միայն հանդուրժել են դա, այլեւ շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է եւ աննախադեպ դիվանագիտական հաղթանակ»:

Իշխանությունները, Օսկանյանի խոսքով, «մեկ տարի շարունակ հերքում էին հայ-թուրքական գործընթացում առկա խնդիրները, եւ քննադատությանը հակադարձում էին, թե իրականում ամեն ինչ շատ լավ է ընթանում». - «Այսօր, փաստորեն, տեսնում ենք, որ իրենք գիտակցում էին, որ ինչ որ բան այն չէ, բայց ձգձգեցին մեկ տարուց ավելի` հույս ունենալով, որ հնարավոր կլինի խուսափել ընդդիմախոսների ճշմարտացիությունն ընդունելուց»:

«Այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն երեւույթը նշմարվում է Ղարաբաղի հարցում: Այսօր նույնպես իմ քննադատությանը հակադարձում են, թե ղարաբաղյան բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանում, որ ոչ մի վտանգավոր զարգացում չկա», - գրում է նախկին արտգործնախարարը՝ հավելելով, թե հիմա «չարախնդալու» կամ «սեփական ճշմարտացիությունն ամեն գնով ապացուցելու» ժամանակն չէ: - «Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով, եւ իրավիճակը պետք է շտկել, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլ նաեւ քաղաքականության փոփոխություն: Բայց դրա համար իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու եւ դրա լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք: Անհրաժեշտ է նախ գիտակցել եւ ընդունել, որ խնդիրներն առկա են, փորձել պարզել դրանց առաջացման իրական պատճառները եւ ոչ թե շարունակել իրականությունը հերքելու ավանդույթը»:

Օսկանյանը հնչեցնում է նաեւ իր հետեւյալ մտահոգությունը. - «Երկու տարի շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ գովաբանեցին հայ-թուրքական գործընթացը, անտեսեցին բոլոր խնդիրները, հարաբերությունների շուտափույթ կարգավորման եւ սահմանի բացման հասարակական սպասում ստեղծեցին: Եվ երբ դա հենց սկզբից տեսանելի պատճառներով տեղի չունեցավ, այսօր արդեն մի նոր` հակառակ, ծայրահեղ արձագանքի ենք ականատես: Այդ նույն քարոզչամեքենան լծվել է հակաթուրքական քարոզչությանը: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդունել են կարծրատիպային ծայրահեղական մի նոր կեցվածք: Բոլոր կողմերի անզգույշ քաղաքականության հետեւանքով մենք հանգել ենք հայ-թուրքական հարաբերություններում փակուղու: Եվ այս նոր միտումները կարող են ավելի վատթարացնել առանց այդ էլ նուրբ իրավիճակը` փակելով հետագայում որեւէ դրական զարգացման հնարավորությունը»:
XS
SM
MD
LG