Մատչելիության հղումներ

Դավութօղլու.«Մեդվեդեւի մայիսյան այցի առանցքային թեման լինելու է Ղարաբաղը»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի` եկող ամիս Թուրքիա կատարելիք այցի օրակարգային հիմնական թեման լինելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը»:

«Մենք այս հարցն ընկալում ենք որպես մեր սեփական խնդիրը եւ շարունակելու ենք անդրադառնալ դրան», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նշել է Դավութօղլուն` խորհրդարանականներին պատմելով, թե, ըստ պաշտոնական Անկարայի, ինչպես պետք է լուծվեն Հարավային Կովկասում առկա խնդիրները:

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավվեն։ Սրան զուգահեռ պետք է վերջ տրվի արդբեջանական հողերի զավթմանը, հայ-ադրբեջանական վեճը պետք է գտնի իր լուծումը: Բոլորը պետք է հստակ ընկալեն, որ ոչինչ չի կարող խաթարել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությունը», - ասել է նա։

Խոսելով ապագայի հեռանկարների մասին՝ Դավութօղլուն նշել է. -«Կբացվեն սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ։ Դա նշանակում է, որ միջանցք կձեւավորվի Էրզրումից դեպի Կենտրոնական Ասիա»։

Դավութօղլուն նաեւ ասել է, որ պաշտոնական Անկարան թույլ չի տա, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները որեւէ կերպ ազդեն երրորդ պետությունների, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա։

«Հայերն ու թուրքերը պետք է սովորեն համատեղ կիսել ընդհանուր պատմությունն ու ցավը։ Սա է խաղաղության մեր տեսլականը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG