Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետները՝ Օբամայի ուղերձի մասին


Հայաստանցի փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում տեղ գտած ձեւակերպումը՝ Մեծ եղեռն, սպասելի էր:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե պատկերացնել, որ Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» եզրը, գրեթե անհնար էր:

«Թուրքիայի սահմաններից դուրս գործնականում չկան մարդիկ, ովքեր հերքում են ցեղասպանության եղելությունը: Բոլոր նրանք, ովքեր դեմ են «ցեղասպանություն» բառի օգտագործմանը կամ իրենց երկրի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, չեն ասում, թե ցեղասպանություն չի եղել: Նրանք ասում են՝ Թուրքիան մեզ համար ինչ-ինչ արժեք է ներկայացնում, տարբեր երկրների համար՝ տարբեր արժեք: Ուստի նեղացնել Թուրքիային իրենք չեն կարող», - հավելեց Իսկանդարյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չնայած Օբամայի ուղերձում բացակայում էր «ցեղասպանություն» բառը, ուղերձի լեզուն, սակայն, «շատ կոշտ էր»:

«Ուղերձը, այնուամենայնիվ, ուղղակիորեն բարդում է մեղքը Թուրքիայի վրա, եւ երկրորդ անգամ Օբաման հիշեցրեց ողջ աշխարհին, որ իր տեսակետը չի փոխվել, ու սա սպառնալիք է՝ ուղղված Թուրքիային, թե՝ սա չի նշանակում, որ «ցեղասպանություն» բառը ապագայում էլ չի գործածվի», - ասաց Կիրակոսյանը:

«Ասեմ նաեւ, որ Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործելը բացասական արձագանք է գտել ոչ միայն հայերի մոտ, այլեւ կարող է նույնպիսի արձագանքի արժանանալ ամերիկացիների կողմից, որովհետեւ այն վերաբերում է նաեւ ամերիկյան պատմությանը», - շարունակեց Կիրակոսյանը։

Ինչպես Իսկանդարյանի, այնպես էլ Կիրակոսյանի ընդհանուր գնահատմամբ, Միացյալ Նահանգների նախագահի ուղերձն ավելի շատ պետք է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների ոչ թե ներկայիս իրավիճակի կամ, առավել եւս, անցած փուլի, այլ գալիք ժամանակահատվածի լույսի ներքո։

«Ուշագրավն այն է, որ չնայած այժմ [հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը] միտված դիվանագիտությունը սառեցված է, բայց Թուրքիայի պարագայում կարելի է ասել, որ այն կարող է փախչել, սակայն ոչ թաքնվել, եւ վերադարձ նախկին վիճակին չի լինի։ Եվ սա է պատճառը, որ ամերիկացիներն ու ռուսները այլեւս այս հարցը չեն կապում ղարաբաղյան խնդրի հետ, եւ կարծում են, որ բոլորը կողմերը ճնշում են բանեցնում Թուրքիայի վրա», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրենի ներկայացմամբ՝ այն, որ գործընթացը սառել է, պարզ էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերից։

«Կար որոշակի հույս, թե ինչ-որ տեղաշարժ կնկատվի ապրիլի 24-ի նախօրեին, բայց այդ հույսը աստիճանաբար մարում էր։ Միակ հարցն այն էր, թե ստորագրությունները հետ կկանչվե՞ն։ Այժմ պարզ է, որ ստորագրությունները հետ չեն կանչվել, ուստի գործընթացը նախկինի նման բաց է, եւ Հայաստանը նախկինի պես սպասում է թուրքական կողմի քայլին», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Իսկ հիմա, թե ինչ կլինի հետո», - շարունակեց նա. - «Հայկական կողմը թուրքերից սպասելու է ինչ-որ քայլեր, որոնք կապասառեցնեն ներկա իրավիճակը։ Այդպիսի քայլեր կարող են լինել արձանագրությունների վավերացումը, կարող է լինել արձանագրություններին վերաբերող ինչ-որ նոր ներթուրքական ճանապարհային քարտեզ, կարող են լինել ինչ-որ առաջարկներ` առանց արձանագրությունների վավերացման ապասառեցնել գործըթնացը եւ այլն։ Թե որ տարբերակը կլինի՝ կտեսնենք։ Դա կախված է Թուրքիայի ներքաղաքական զարգացումներից։ Լուրջ մտավախություն ունեմ, որ մինչեւ 2011 թվականին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները դժվար կլինի կտրուկ փոփոխություններ սպասել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG