Մատչելիության հղումներ

Ստամբուլում այրել են հայկական եռագույնը


Արտապատկերում Թուրքական Hurriyet պարբերականի կայքէջից
Արտապատկերում Թուրքական Hurriyet պարբերականի կայքէջից

Թուրքական դրոշն ու Թուրքիայի ղեկավարների լուսանկարներն այրելու` դաշնակցական երիտասարդների ուրբաթօրյա ակցիան անպատասխան չմնաց: Երեկ կեսօրին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության անդամները այրել են հայկական եռագույնը:

«Հայեր, մեր համբերությունն այլեւս հատում է», «Կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Ամոթ ծախված կեղծ մտավորականներին», - վանկարկում էին Ստամբուլի կենտրոնում հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները:

Թուրք ազգայնականները Հայաստանի Հանրապետության պետական դրոշը այրեցին հենց այն նույն վայրում, որտեղ նախորդ օրը հարյուրավոր իրավապաշտպաններ ու մտավորականներ էին հավաքվել` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մեծ միություն» կուսակցության անդամները ցույցի ընթացքում պարզել էին նաեւ Ադրբեջանի դրոշը:

Ազգայնականները չէին թաքցնում, որ բողոքի այս գործողության հիմնական թիրախը այն թուրք մտավորականներն են, որոնք իրենց մեջ ապրիլի 24-ին փողոց դուրս գալու համարձակություն գտան` համերաշխություն հայտնելով հայերի հետ:

«Կեղծ մտավորականներն ու արվեստագետները, այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հարցը օրակարգ բերելով, դավաճանաբար վտանգում են թուրք ժողովրդի ու պետության անվտանգությունը», - նշված էր «Մեծ միություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի ղեկավար Դենիզ Բայքալը նույնպես անդրադարձել է Երեւանում դաշնակցական երիտասարդների կողմից թուրքական դրոշն այրելու փաստին. - «Հայաստանում այրում են թուրքական դրոշը: Եվ սա այն Հայաստանն է, որի հետ մենք ցանկանում էինք առկա խնդիրները զրոյացնելու քաղաքականություն վարել։ Սա այն Հայաստանն է, որի հետ մենք իբր եղբայրություն էինք հաստատում», - հայտարարել է Բայքալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG