Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն» (Meds Yeghern):

«Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգ ենք առնում՝ հիշելու, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը։ Պատմության այդ մութ շրջանում՝ Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին», - իր ուղերձում ասել է Բարաք Օբաման՝ հավելելով. - «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, եւ իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել։ Մեր բոլորի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչմանը հասնելը։ Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, եւ մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի եւ որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»։

«Ես ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի, եւ քաջալերված եմ պատմության այս ցավալի դրվագի շուրջ թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսությամբ, ինչպես նաեւ հենց Թուրքիայում ծավալվող քննարկումներից։ Միասնաբար, թուրք եւ հայ ժողովուրդները ավելի կուժեղանան՝ ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունը եւ ընդունելով իրենց ընդհանուր մարդկայնությունը», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

2008 թվականի հունվարին ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված ուղերձում Օբաման, ով այդ պահին դեռեւս նախագահի թեկնածու էր, Հայոց ցեղասպանությունը բնութագրել էր որպես «լայնորեն փաստագրված եղելություն», եւ հավելել էր՝ «Ամերիկան արժանի է ունենալ այնպիսի նախագահ, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին եւ վճռականորեն կպատասխանի բոլոր ցեղասպանություններին։ Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG