Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու համար շաբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երթ էր կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ: Բազմամարդ երթը կեսօրին շարժվեց Մարտիրոս Սարյանի արձանի մոտից։ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երթին միացավ Կիեւյան կամրջի մոտ:

«Ցավոք սրտի առաջին անգամ մենք այս օրը դիմավորում ենք մի վիճակում, երբ հայոց համերաշխությունը խախտված է, եւ ցավոք սրտի դրա մեղավորը հենց իշխանություններն են, որոնք մի գործարք կնքեցին՝ հարցականի տակ դնելով Ցեղասպանության իրողությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց երթի առաջնորդներից ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ - «Համաձայնվեցին Թուրքիայի պահանջով ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական իրողությունները՝ փաստորեն համաձայնելով, որ այդ հարցը կարող է դիտարկվել որպես վիճարկելի հարց»։

Այսօր տարածած հայտարարությամբ ՀԱԿ-ն անընդունելի է համարում՝ «երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարեւոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը»։

ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հայոց ցեղասպանությունը բնորոշելով որպես հանցագործություն ողջ մարդկության դեմ, նշեց, թե այն չի կարող ունենալ վաղեմության ժամկետ եւ պետք է դատապարտվի աշխարհի կողմից: Դեմիրճյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը սխալ էր, իսկ հայ-թուրքական բանակցությունների միակ շոշափելի արդյունքն այն եղավ, որ Անկարան սկսեց ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

«Սխալ էր այդ արձանագրությունները ստորագրելը նախապայմաններով։ Ինչ վերաբերում է այս ուղերձին՝ ապա, ըստ էության, ոչ մի բան չփոխվեց։ Մինչեւ ուղերձն էլ մտադրություն չկար վավերացնելու արձանագրությունները խորհրդարանի կողմից», - ասաց Ստեփան Դեմիրճյանը։
XS
SM
MD
LG