Մատչելիության հղումներ

Արգենտինայի Սենատում նշվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը


Արգենտինայի Ազգային սենատի եւ Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, հինգշաբթի օրը Սենատի «Մանուել Բելգրանո» դահլիճում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի խորհրդարանի անդամներ, անվանի քաղաքական եւ հասարակական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, արգենտինահայ համայնքային կառույցների անդամներ, բազմաթիվ լրագրողներ: Մասնակիցների թվում էին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Նշելով, որ աշխարհի երկու տասնյակից ավելի խորհրդարաններ, կառավարություններ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում 2007 թվականին` նաեւ Արգենտինայի կառավարությունը, ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին, ելույթ ունեցողները կոչ են արել թուրքական իշխանություններին քաղաքական կամք դրսեւորել ու հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու անիմաստ քաղաքանությունից:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից փոխանցում են նաեւ, որ նույն օրը Բուենոս Այրեսի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում «Հանդուրժողության եւ ազգերի միջեւ հարգանքի օրվա» շրջանակներում եւ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունել է բանաձեւ, համաձայն որի` «Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը, հարգելով զոհերի հիշատակը եւ հետագայում նման հանցանքները կանխելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Թուրքիային»` ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG