Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Վաղ առավոտից, չնայած տեղատարափ անձրեւին, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհն արդեն բազամամարդ էր: Լուռ շարքերով հայաստանցիներ, արցախահայեր, Հայաստան ժամանած սփյուռքահայեր, օտարերկրյա հյուրեր քայլում էին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Կեսօրին մոտ հուշահամալիր այցելեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ հոգեհանգստի կարգ մատուցվեց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող պաշտոնայներն այցելեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

«95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետեւանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ», - ասված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահի ուղերձում: - «Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված եւ տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետեւանքը»:

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարեւորությունը եւ մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախօրեին հենց այս առիթով Երեւան է ժամանել եւ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցում Հարավային Կովկասում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վատիկանի դեսպանը շեշտեց, որ հայ ժողովուրդը չպետք է հրաժարվի իր իրավունքներից եւ պատմական հիշողությունից, որովհետեւ հիշողության մերժում` նշանակում է քաղաքակրթության վերջ, ինչն անընդունելի է:

Արքեպիսկոպոս Գուջերոտին ողջունեց հայ - թուրքական հաշտեցման մեկնարկած գործընթացը: Նա նույնիսկ հայերենով փոխանցեց իր տեսակետը. - «Կարելի է հասկանալ` ինչ է նշանակում հայ ժողովրդի համար, ոչ միայն հայ ժողովրդի համար, բայց աշխարհի համար: Մեզ համար շատ կարեւոր ժամանակ է»:

Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Ծիծեռնակաբերդում էր նաեւ Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած երկխոսությանը` դեսպան Սկապինին ողջունեց, որ երկար տարիների լռությունից հետո երկու երկրները կարողացան առաջընթաց քայլ կատարել ինչ-որ համաձայնություններ ձեռք բերելու ճանապարհին: Ու թեեւ երկու օր առաջ Հայաստանի նախագահի որոշմամբ ժամանակավորապես կասեցվեց հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը, այդուամենայնիվ, ըստ իտալացի դիվանագետի, չի կարելի է ասել, որ փակվել է դուռը, դա պարզապես դադար է հետագայում նոր երկխոսություն սկսելուց առաջ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին եկել նաեւ լրագրողներ Թուրքիայից, որոնցից ոչ բոլորն էին համաձայնում հայաստանցի լրագրողների հետ զրուցել, հարցազրույցներ տալ, ոմանք թարգմանչի միջոցով կտրականապես հրաժարվում էին:

Թուրքական Haberturk լրատվամիջոցի թղթակից Ասլը Սյոզբիլիրը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն: 2000-ականներին փակ սահմաններ չեն կարող լինել, եւ դա բոլորն են հասկանում, բայց կան դիվանագիտական խնդիրներ»:

«Թուրք ժողովուրդը թշնամական զգացումներ չունի Հայաստանի հանդեպ: Ես թուրք լրագրող եմ եւ արդեն երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան: Ես էլ նման զգացումներ չունեմ: Սա մեծ վիշտ է, ցավոտ խնդիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բայց հաշտեցման գործընթացը սկսվել է` չնայած բազմաթիվ ճնշումներին եւ խոչընդոտներին: Իսկ գործընթացը ավարտին հասցնելու համար ժամանակ պետք», - ասաց թուրք լրագրողը` հավելելով. - «Հայաստան - Թուրքիա սահմանը փակվել է Ղարաբաղյան խնդրի պատճառով: Այդ մասին հայտարարում է պաշտոնական Թուրքիան: Իսկ թուրք ժողովուրդը շատ բան չգիտե դրա մասին, միայն հասկանում է, որ դա կարեւոր հարց է Թուրքիայի եւ հայրենասիրական ուժերի համար»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով էլ` «Թուրքիայի ղեկավարության մոտ ոչինչ չի փոխվել, բայց հանրության մեջ ինչ-որ առաջընթացի նշմարներ տեսնում ենք, որովհետեւ Թուրքիայի հասարակության մեջ արդեն ավելի, քան իրենց ղեկավարները, սկսել են հասկանալ, որ իրոք եղել է ցեղասպանություն»:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ պաշտոնապես ընդունել են, որ նախորդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG