Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 23-ի երեկոյան Մատենադարանի մոտից մեկնարկեց ՀՅԴ «Նիլոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած ամենամյա ջահերով երթը: «Ճանաչում, դատապարտում, հատուցում», «Ցեղասպանությունը քննարկման ենթակա չէ» եւ այլ պաստառներով ու վանկարկումներով երիտասարդները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ջահերով երթի մեկնարկին այրվեց Թուրքիայի դրոշը:

Երիտասարդների բազմամարդ երթի մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում սփյուռքահայերը, շատերը այս օրերին հատուկ Հայաստան են եկել մասնակցելու ապրիլքսանչորսյան միջոցառումներին: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում սփյուռքահայ երիտասարդները կարծիք էին հայտնում, թե հայաստանցի երիտասարդությունը պասիվ է եւ անտարբեր Հայ դատի ու ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի նկատմամբ.

«Գուցե արդարացի է: Հայաստանում այլ հոգսեր կան, մարդիկ տներում ջուր ու տաքություն չունեն», - ասաց Քրիստինա Ռաքեջյանը, ով Բուլղարիայից տեղափոխվել է Շուշի:

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրուցում ասաց. «Ես հայացքների տարբերություն չեմ տեսնում: Ուղղակի պարզ է, որ անմիջական միջավայրի խնդիր կա: Հայաստանում բնակվողը իր առօրյայով է մասնակցում այս ամենին»: Ըստ Կիրո Մանոյանի` Հայ դատի պաշտպան կարող է լինել միայն այն երիտասարդը, որ իր բոլոր իրավունքների տերն է, «ոչ թե միայն մի մասի»:

Ջահերով երթի ավարտին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` անմար կրակի մոտ, հոգեհանգստյան կարգ մատուցվեց:
XS
SM
MD
LG