Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մերժում է Նիկոլ Փաշինյանի դիմումը


Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում: 3-ը մարտի 2010թ.

Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում: 3-ը մարտի 2010թ.

Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի դիմումը թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին՝ ուժի մեջ թողնելով ընտրատարածքային հանձնաժողովի հունվարի 14-ի որոշումը:

Դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէին ոչ դիմամատուն, ոչ էլ նրա ներկայացուցիչները:

Թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը որոշումը հրապարակելուց հետո ասաց, որ այն սպասելի էր իրենց համար:

«Հայտնաբերված խախտումները այնպիսին չէին, որ կարողանային որոշումը չեղյալ ճանաչել», - ասաց նա:

Փաշինյանի ներկայացուցիչները, սակայն, շարունակում են պնդել, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններն անցել են բռնությամբ եւ ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով:

«Մենք ներկայացրեցին 4-5 պարամետրեր, խախտումներ, որոնցից յուրաքանչյուրը՝ որպես առանձին դեպք նայելով, կարելի էր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը՝ շարունակելով. - «Ինչպես ընտրությունների ընթացքում չապահովվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, այնպես էլ դատարանն ինքը խուսափեց Նիկոլի մասնակցությունն ապահովելուց: Երբ դատարանը չի ապահովում Նիկոլի մասնակցությունը, իր լիազոր ներկայացուցիչը չի կարող գործընթացը շարունակել»:

Հովակիմյանը նաեւ ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը ի սկզբանե ենթադրում էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական է լինելու:

Անցած հունվարի 19-ին ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչեց 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Մարտին Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, սակայն որոշեց կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
XS
SM
MD
LG