Մատչելիության հղումներ

Ապրիլի 23-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, ի շարս մի խումբ ամփոփիչ գնահատականների, հետեւյալ արձանագրումներն է անում. - «Ակներեւ է, որ կասեցնելով վավերացման գործընթացը, բայց դեռեւս պահելով ստորագրությունը արձանագրությունների տակ, Հայաստանը շարունակում է պահպանել իր շատ ավելի ճկուն դիրքն ու մեծացնում է արտաքին քաղաքական զորաշարժերի տիրույթը։ Հայաստանը ցանկացած պարագայում շահած դիրքում է, շարունակում է հանդես գալ միջազգային հանրությանն ընկալելի ու հստակ մոտեցումներով։ Ստեղծված որակապես նոր իրավիճակը կարող է կատալիզատորի ազդեցություն գործել մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, միջազգային ճանաչման շրջանակն ընդլայնելու գործընթացի վրա»։

«Աննպատակ ուղերձ ոչ մի բանի մասին» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամբողջ խնդիրն այն է, որ իրականում ո'չ Սերժ Սարգսյանի հրամանագրի կարիքը կար, ո'չ էլ, առավել եւս, «ուղերձի»: Արձանագրությունների վավերացման ընթացակարգն այսպես թե այնպես կասեցված էր: Այնպես չէ, որ Ազգային ժողովի պատգամավորներն արդեն ձեռքերը մեկնել էին «կողմ» գրությամբ կոճակներին եւ պատրաստվում էին սեղմել, ու վերջին վայրկյանին Սերժ Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց ընթացակարգը: Հասկացանք, որ դրանք արդեն ուղարկվել էին խորհրդարան, բայց կանոնակարգը թույլ էր տալիս շատ հանգիստ այդ արձանագրությունները ծալել, նետել մոտակա քարտուղարուհու դարակը ու մի քանի տարով մոռանալ դրանց մասին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պարզ է մի բան. այն գործընթացը, որով իրեն արժեվորում էր Սերժ Սարգսյանը, ձախողված է, եւ նա հիմա փորձում է քայլեր անել դեմքը փրկելու համար: Քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում, սակայն, համարում են, որ ամեն ինչ այնպիսի փուլի է հասել, որ Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա իր «նախաձեռնողական քաղաքականության» տակից դուրս գալ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իմ դիրքորոշումը բացարձակապես քաղաքական չէ, բայց ինձ համար հավասարապես ընդունելի կլիներ թե' արձանագրությունների վավերացումը Ազգային ժողովի կողմից եւ թե' արձանագրությունների տակից ստորագրությունները հետ վերցնելը: Երկու դեպքում էլ մենք, գոնե ժամանակավորապես, կազատվեինք անորոշությունից՝ արձանագրելով, որ այս առումով այլեւս անելիք չունենք: Նախագահ Սերժ Սարգսյանի ընտրած «ոսկե միջինը», ճիշտն ասած, իմ սրտով չէ: «Կասեցնելը», սառեցնելը», «կախակայելը» գուցե որոշ կուսակցությունների անդամության հետ կապված միանգամայն ընդունելի գործելակերպ է, բայց այս խնդրում ստեղծում է պատրանքներ, թե արձանագրությունների հարցում դեռեւս հնարավոր են ինչ-որ զարգացումներ»:

Իսկ «Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Մեկ տարի անց մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Մինչդեռ այս գործընթացը կարող էր հզոր ազդակ հանդիսանալ մեր պետության ու տնտեսության համար: Կարող էր լիներ այն շանսը, որը մեզ նոր շունչ ու թափ կհաղորդեր: Եվ այն քարտ-բլանշը, որին ձգտում էր Սերժ Սարգսյանը, եւ որի արդյունքում նա կմնար պատմության մեջ՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վճռորոշ որոշումներ կայացրած նախագահ»:

Հետեւյալ պատկերավորումն է անում «Ժամանակ»-ը. - «Խնդիրը, թերեւս, այն է, որ հայ-թուրքական գործընթացից բոլորովին այլ համ մնաց, քան տիկին Գյուլի պատրաստած կերակուրների համը: Ի տարբերություն կերակուրների, հայ-թուրքական գործընթացը վառվեց: Ի՞նչ է լինելու սեղանի եւ սեղանակիցների հետ: Այն մնալու է դատա՞րկ, թե՞ մատուցվելու են նոր «կերակուրներ»: Իսկ արդյո՞ք նույնն է մնալու սեղանակիցների կազմը, թե՞ այն համալրվելու է կամ կրճատվելու: Իսկ գուցե սեղանի շրջանա՞կն է ենթարկվելու փոփոխության: Դրանք հարցեր են, որոնք շարունակում են մնալ օրակարգում՝ անկախ Հայաստանի հայտարարած «ավարտից» կամ «կասեցումից»»:

Թեմայի առնչությամբ lragir.am-ը գրում է. - «Թերեւս վաղ է ասել, որ Հայաստանի իշխանությունը «գիտակցեց իր սկսած հայ-թուրքական գործընթացի սխալականությունը» եւ դիմեց արձանագրությունների վավերացումը կասեցնելու քայլին: Ի վերջո, Հայաստանը ոչ թե դուրս է եկել գործընթացից, այլ որոշակիորեն հետ է քաշվել դրանից, ընդ որում գուցե այնքան, որքան խորհուրդ են տվել կամ թույլ են տվել ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնց հետո խորհրդակցությունների մասին իր ուղերձում նշեց Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, վաղ է ասել նաեւ, թե հայ-թուրքական գործընթացը տապալվել է կամ «մեռել»: Դրա մասին են վկայում նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի արձագանքները: Ու գրեթե կասկած չկար, որ արձագանքը հենց այդպիսին էլ լինելու է, որովհետեւ, եթե նույնիսկ այդ դիրքորոշման մտահղացումն իրենն է, միեւնույն է, Սերժ Սարգսյանը չէր համարձակվի այդօրինակ դիրքորոշում հայտնել, եթե փոքր-ինչ կասկած ունենար, որ գերտերությունները չեն ողջունելու այն: Սերժ Սարգսյանը չունի հայ-թուրքական գործընթացում ինքնուրույնություն ցուցաբերելու, գերտերությունների շահի ծիրից դուրս գալու քաղաքական, տնտեսական եւ նույնիսկ բարոյահոգեբանական ռեսուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG