Մատչելիության հղումներ

logo-print

Ներսես Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Լոս Անջելեսի ռեստորանում 4 հայերի սպանության գործով


Ծագումով հայաստանցի Ներսես Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Հոլիվուդի ռեստորաններից մեկում 4 հայերի սպանության եւ եւս 2-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Այդ մասին Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է երեկ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` 26-ամյա Գալստյանին եւ նրա 24-ամյա եղբորը` Սամվել Գալստյանին ոստիկանությունը երկու օր առաջ ձերբակալել է Սիեթլում:

Ըստ ոստիկանության վարկածի` այս տարվա ապրիլի 3-ին Գալստյանը «Հոթ սփոթ» ռեստորանում մասնակցել է անցած տարի ավտովթարից մահացած մի ծանոթի ծննդյան օրվան նվիրված հավաքույթին, որի ընթացքում վիճաբանության մեջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, ապա ի վերջո վրդովվելով` կրակոցներ է արձակել եւ սպանել 4 մարդու, եւս 2-ին վիրավորել է:

Ապրիլի 3-ի միջադեպի հետեւանքով սպանվել են 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց մեծ մասը նույնպես ծագումով հայաստանցիներ էին:

Ոստիկանության պաշտոնյաների վկայությամբ` անվտանգության համակարգի տեսախցիկը ֆիքսել է, որ Ներսես Գալստյանը ռեստորանում է եղել եւ դուրս է եկել կրակոցների հնչելուց հետո: Ռեստորանում է եղել նաեւ նրա եղբայրը, որը, սակայն, չի կասկածվում կրակոցներ արձակելու մեջ եւ ձերբակալությունից շատ չանցած ազատ է արձակվել:

Ներսես Գալստյանը որպես կասկածյալ գործում ներգրավվել էր դեռ երկու շաբաթ առաջ, եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:

Իրավապահները հայտնել են, որ Գալստյան եղբայրները Միացյալ Նահանգներում օրինական են բնակվում: Ոստիկանությունը բացահայտել է նրանց, ինչպես եւ ապրիլի 3-ի միջադեպից տուժածների առնչությունը տարբեր, այդ թվում հայկական հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG