Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը Բարաք Օբամային կոչ է անում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.

Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5-ը մայիսի, 2008թ.

Ամերիկացի կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ Ադամ Շիֆը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նշելով, որ նախագահ Օբաման 2009 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձում դա չի արել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հաշտեցման պատճառով», Շիֆը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, իր նամակում շեշտում է, որ «դա հաշտեցման բնույթի խեղաթյուրված ըմբռնում է», քանի որ հաշտեցումը «երբեք չի կարող ամուր հիմք գտնել ցեղասպանության ուրացման մեջ կամ լռել` հանդիպելով ուրացման»:

«Արձանագրությունների հետ կապված գործընթացը Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ շաղկապելը քաջալերում է Թուրքիային` չվավերացնելու դրանք, քանի որ թուրքերը գիտեն, որ գործընթացի երկարաձգումը բանաձեւի ընդդիմախոսներին Հայոց ցեղասպանության ճանաչումը ձգձգելու շարունակական պատրվակ է ընձեռում», - ասված է Ադամ Շիֆի նամակում:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամերիկահայության անունից երախտագիտություն է հայտնել հայամետ կոնգրեսականին Միացյալ Նահանգների նախագահին հղած կոչի համար` ընդգծելով. - «Ապրիլի 24-ի մոտենալուն զուգընթաց, արձանագրությունների հետ կապված գործընթացի տապալումից անմիջապես հետո, պարզ է, որ նախագահ Օբաման կանգնած է հստակ ընտրության առջեւ. նա կարող է հարգել իր հանձնառություննները եւ շարժվել խղճի թելադրանքով` պատշաճ կերպով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կամ էլ մեղսակից մնալ մարդկության դեմ այդ հանցագործության ուրացման` թուրքական կառավարության արշավին»:

Այս շաբաթ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով են դիմել նաեւ ամերիկացի 14 սենատորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG