Մատչելիության հղումներ

Արձագանքելով հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «վտանգավոր» համարեց այն, որ Հայաստանը, փաստորեն, առայժմ ստորագրությունը հետ չի վերցնում:



«Այդ հետ չվերցնելու մեջ արդեն կա վտանգ, որովհետեւ դա նշանակում է, որ արձանագրությունները առնվազն իրավաբանորեն դեռ մեռած չեն, եթե քաղաքականորեն մահացած են, չնայած մենք համոզված էինք, որ մահացել են ճիշտ ստորագրության պահին: Անհրաժեշտ է վերջին քայլն էլ անել, այսինքն` ստորագրությունը վերցնել, որպեսզի այդ վտանգը իսպառ վերանա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Մանոյանը:

Հարցին, թե ի՞նչ է լինելու սրանից հետո, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ միջնորդ երկրները պետք է փորձեն փրկել Հայաստան - Թուրքիա երկխոսությունը: «Որ այդ նույն հովանավոր կոչվողները երկու կողմին ասեն, որ քանի որ սա չի աշխատում, ստորագրությունները հետ վերցրեք, այլապես հաղթող կողմի կամ կորցնող կողմի խնդիր է ծագելու, ինչը կարող է այդքան էլ լավ հետեւանք չունենալ ընդհանրապես Հայաստան - Թուրքիա երկխոսության վրա», - ընդգծեց դաշնակցական գործիչը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայ - թուրքական արձանագրությունների շուրջ գործընթացը որակեց «թատերական խաղ»:

«Հայաստանը չպետք է նախ այդ արձանագրությունները մտցներ օրակարգ: Հայաստանը փորձ արեց կառուցողական պետության դեր
Ստյոպա Սաֆարյան
խաղալ, բայց ես կարծում եմ, որ միջազգային քաղաքականությունը եւ առավել եւս` Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը թատրոնի մաս չէ, եւ եթե քո սեփական շահերը պահանջում էին չմտցնել այդ արձանագրությունները, չստորագրել այդ արձանագրությունները, կամ օր առաջ հետ կանչել այդ արձանագրությունները, ապա իրական քաղաքականությունը պահանջում էր հենց այդպես վարվել եւ ոչ թե պարզապես փորձել արդեն թատերականացված խաղի մասնակիցը դառնալ եւ ուղղակի ցույց տալ աշխարհին, որ իրենք ավելի կառուցողական մոտեցում ունեն, քան` թուրքերը», - հայտարարեց Սաֆարյանը:

Իսկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իշխանությունները արձանագրում են «իրենց նախաձեռնողական քաղաքականության սնանկությունը»:

«Այսօրվա վարչախումբը խճճվել է իր քաղաքականության մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր, ըստ էության` ձախողել է հայ - թուրքական հաշտեցման գործընթացը եւ այն կառուցել է սխալ հաշվարկների վրա», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը` մանրամասնելով. - «Նրանց կարծիքով, ներգրավվելով այս գործընթացի մեջ` պետք է ապահովեին Ղարաբաղում միջազգային
Լեւոն Զուրաբյան
ճնշումների թուլացումը: Բայց քանի որ Թուրքիան հետեւողականորեն կապեց հայ - թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, այդ բոլոր հաշվարկները ձախողվեցին, որի արդյունքում այսօր մեծացել են ճնշումները Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում: Իսկ Թուրքիան ձեռք է բերել Ղարաբաղի հարցում առանցքային դերակատարություն, փաստորեն` վտանգելով Մինսկի խմբի օպտիմալ ձեւաչափը»:

«Սերժ Սարգսյանի այս վերջին քայլով նաեւ նոր վնասակար արդյունքներ ավելացան. Հայաստանն իր վրա վերցրեց անիրականանալի պարտավորություն, հետո հետ կանգնելով դրանից` խաթարեց հուսալի գործընկերոջ իր վարկը», - հավելեց Լեւոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG