Մատչելիության հղումներ

logo-print

Ժիրայր Լիպարիտյան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքին շուկայի համար էր»


Ժիրայր Լիպարիտյան

Ժիրայր Լիպարիտյան

Հայաստանի նախագահի նախկին գլխավոր խորհրդական, արտաքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա հայտարարությունը առավելապես ներքին սպառման համար նախատեսված քայլ էր:

«Գործնականում Հայաստանը արդեն իսկ արձանագրությունների վավերացման գործընթացը Ազգային ժողովում կասեցրել էր: Նորություն չկա` Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից, նախագահը իր ստորագրությունը պահում է, ասում է, որ խորհրդակցություները պետք է շարունակվեն. այս հայտարարությամբ պարզապես առկա քաղաքականությունը պաշտոնականացվում է: Բացի այդ, այս հայտարարությունը ներքին շուկայի համար էր», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշեց Լիպարիտյանը:

Նա նաեւ ուշադրություն դարձրեց Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածին, որտեղ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակցին. - «Նախագահ Գյուլին շնորահակալություն է հայտնում, այդ դեպքում` ո՞վ է պատասխանատուն: Այնտեղ մնում են վարչապետ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Դավութօղլուն: Կարծում եմ, որ Թուրքիայում քաղաքական երկու մոտեցում կա: Գյուլն ուզում է անջատել երկկողմ հարաբերությունների հարցը Ղարաբաղի խնդրից: Մյուսները չեն կարողանում տարանջատել այդ երկու հարցերը: Քաղաքական առումով դա, իհարկե, դժվար է, ինչպես հանրապետության ստեղծման առաջին տարիներին մեզ համար էր դժվար` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ զարգացնելու առաջարկը, Ցեղասպանության հարցը երկկողմ հարաբերությունների հարցից անջատելը»:

Անդրադառնալով 90-ականների իրադարձություններին` Լիպարիտյանը նկատեց. - «Սխալ է կարծելը, թե մինչեւ 1993 թվականը հայ - թուրքական սահմանը բաց էր: Խորհրդային տարիներին այդ սահմանը բացվում էր շաբաթը մի անգամ, որպեսզի մարդատար գնացքն անցնի դեպի Թուրքիա: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ գնացքն էլ դադարեց երթեւեկել: Հետագայում սահմանը բացվեց միայն մի քանի անգամ: 1992-ին հատուկ կարգադրությամբ թույլատրվեց, որպեսզի 52 հազար տոննա ցորենը, որ Եվրոպայից էր ուղարկվել, այդ սահմանով հասնի Հայաստան: Բացի այդ, մի քանի անգամ թուրքական կողմը սահմանը բացել է ինձ համար, որպեսզի ես կարողանամ բանակցությունների գնալ: Ընդհանրապես, հայ - թուրքական սահմանը փակ էր»:

Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հետագա ձգձգումն էլ, ըստ Լիպարիտյանի, հազիվ թե բխի Հայաստան շահերից. - «Եթե մենք 10 տարի առաջ բարելավեինք հարաբերությունները Թուրքիայի հետ, իրավիճակը այլ կլիներ: Ես 6-7 տարի շարունակ բանակցել եմ թուրքերի հետ, եւ պատմաբանների ենթահանձնաժողովի հարց չի քննարկվել, Թուրքիայի կողմից նման նախապայման չի ներկայացվել: Երբ 10-15 տարի հետո ես ստորագրում այդ փաստաթուղթը, մի հավելյալ նախապայման է ի հայտ գալիս: Իսկ եթե սպասենք եւս 5-10 տարի, ես չգիտեմ` էլ ինչ նախապայման կարող է առաջ քաշվել»:

Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Ժիրայր Լիպարիտյանը նշեց. - «Իմ անձնական կարծիքն է, որ պետք է նախ արմատապես լուծել Ղարաբաղի հարցը, որից հետո արդեն մյուս հարցերը` Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ: Հանգույցը Ղարաբաղում է: Հայ - թուրքական խնդիրն առավելապես հոգեբանական է: Ղարաբաղի խնդրում էլ նման տարրեր եւս կան, սակայն այդ հարցը ստրատեգիական նշանակություն ունի»:

Ժիրայր Լիպարիտյանի տպավորությամբ, Սերժ Սարգսյանը` ի տարբերություն իր նախորդի, տարածաշրջանային հակամարտությունները լուծելու ցանկություն ունի:

«1998-ից հետո, երբ Քոչարյանը [ իշխանության] եկավ, արդեն գիտեի, որ ո'չ հայ - թուրքական խնդիրն է լուծվելու, ո'չ էլ Ղարաբաղի հարցը: Քոչարյանը, իմ կարծիքով, ոչ մի հարց չպետք է լուծեր` հակառակ շատերի հույսերին, հատկապես` Վաշինգտոնում: Սա ինձ համար հստակ էր` ոչ միայն այն պատճառով, որ ես ճանաչում էի նրան, այլեւ հաշվի առնելով Քոչարյանի մտածելակերպը: Նախագահ Սարգսյանը Քոչարյանից տարբերվում է: Նա, սակայն, այնքան թուլացած է եւ, իմ կարծիքով, այնքան սահմանափակ մարդիկ ունի իր շուրջը, որ կարող են մտածել, որ չգիտեմ ինչ ձեւով պետք է գործի: Թեեւ կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, Սարգսյանը ցանկանում է լուծել խնդիրը», - նշեց Ժիրայր Լիպարիտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG