Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի համար անակնկալ չէր


«Չեմ կարծում, թե մենք անակնկալի ենք եկել նախագահ Սարգսյանի հայտարարությունից: Նման բան Հայաստանը ակնարկել էր մեզ, թե ինչ են պատրաստել անել, այնպես որ` այդ հայտարարությունը անակնկալ չէր», - հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին` անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին:

«Մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել հայկական ու թուրքական կողմերի հետ այստեղ` Վաշինգտոնում, ինչպես նաեւ շփումներ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Մենք հասկանում ենք, որ երկու կողմն էլ հասել էին, չեմ ուզում ասել` փակուղի, բայց որոշ տեսակի խոչընդոտների` արձանագրությունները վավերացնելու համար», - նշել է Քրոուլին:

Նա ասել է, թե ոգեւորված են, որ ոչ մի կողմը դուրս չի եկել գործընթացից: «Բայց, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ մենք հիմա որոշ ժամանակի կարիք ունենք` ստեղծելու որոշ նոր պահեր, որոնք թույլ կտան առաջ տանել գործընթացը», - հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակ նշում է, որ Հայաստանը վերջ չի դնում գործընթացին, այլ դադարեցնում է` մինչեւ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու», - ընդգծել է Քրոուլին:

«Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը` շարունակելու աշխատել խաղաղության, կայունության եւ համաձայնության ուղղությամբ: Մենք հավատում ենք, որ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը կարեւոր օգուտներ ունի Թուրքիայի եւ Հայաստանի համար, ինչպես նաեւ ավելի լայն Կովկասի տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք հորդորել երկու կողմերին` դուռը բաց պահել համաձայնության եւ [հարաբերությունները] նորմալացնելու ջանքերի համար», - վստահեցրել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նշելով, որ երկու կողմերն էլ հավաստիացնում են, թե գործընթացը չի տապալվել, Քրոուլին հավելել է. - «Դա մեզ որոշ լավատեսություն է ներշնչում, որ երկար ժամանակահատվածում մենք կարող ենք վերադառնալ դրան` ճանապարհներ գտնելու եւ նորից փորձելու առաջ մղել արձանագրությունները»:

«Դա էր մեր ուղերձը երկու կողմին` Հայաստանին եւ Թուրքիային, միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում տարված բանակցություններում` պահել գործընթացը: Եթե դուք կարծում եք, որ սա ճիշտ ժամանակ չէ` շատ լավ, մենք կվերադառնանք` վերագնահատելու, թե ինչպես շարժվել առաջ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG