Մատչելիության հղումներ

«Սառեցնելով հայ - թուրքական գործընթացը՝ Հայաստանը ցանկանում է առաջընթացի հասնել Ղարաբաղյան բանակցություններում»


Իլգար Մամադով
Իլգար Մամադով

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամադովը կարծիք հայտնեց, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը սառեցնելու Հայաստանի որոշումը կարող է երկու պատճառ ունենալ։

Ըստ նրա` առաջին տարբերակն այն է, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում նահանջել իրենց դիրքորոշումից, այն է` Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առանձին գործընթաց լինի ու չկապվի հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ։

«Եվ փաստորեն այդ նպատակով [Հայաստանը] ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը, որպեսզի առաջընթաց ապահովի Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու հարցում ու հետո նորից վերադառնա հայ - թուրքական երկխոսությանը», - ասաց ադրբեջանցի քաղաքագետը:

«Ես չեմ ուզում մտածել, չեմ ուզում ենթադրել, որ այդ գործընթացը ամբողջովին, վերջնականապես մի կողմ դրվեց։ Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ այդ գործընթացը կշարունակվի, որոշ ընդմիջումից հետո», - նշեց նա։

Հայ - թուրքական արձանագրությունները սառեցնելու երկրորդ պատճառը, Մամադովի կարծիքով, կարող է լինել հենց այդ բացասական տարբերակը, «որի դեպքում ե՛ւ հայ - թուրքական բանակցությունների գործընթացն է դադարեցվում, ե՛ւ Ղարաբաղի կարգավորման գործընթացը առաջ չի գնում»։ «Դա, իհարկե, բացասական, լիովին բացասական կլինի», - ասաց նա` միաժամանակ ընդգծելով, որ բոլոր նշանները, վերջին ամիսների, շաբաթների հանդիպումների շարքը, ակտիվ դիվանագիտությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանը ավելի շուտ մարտավարական քայլ է անում` բաժանում է Ղարաբաղի գործընթացը հայ - թուրքականից` նպատակ ունենալով մոտ ապագայում առաջընթացի հասնել Ղարաբաղյան բանակցություններում։

«Եթե սա է Հայաստանի իշխանությունների մարտավարության նպատակը, ապա այն միայն կարելի է ողջունել, որովհետեւ այն նպատակ ունի խաղաղության հասնել մեր տարածաշրջանում», - ամփոփեց ադրբեջանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG