Մատչելիության հղումներ

Նախարարը բանակցել ու հետ է պահել ուսանողներին ցույց անելու գաղափարից


Ապրիլի 22-ին ԵՊՀ–ի դիմաց նախատեսված ուսանողական ցույցը` ընդդեմ տարկետման իրավունքով մագիստրական եւ ասպիրանտական տեղերի կրճատման, այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ, ըստ կազմակերպիչների, նախարար Աշոտյանը բանակցել ու կարողացել է համաձայնության գալ ուսանողների հետ

Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոնիսյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ կազմակերպիչներից 7-ը ապրիլի 21-ին հանդիպել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ ու որոշել հրաժարվել ցույցի գաղափարից:

«Նախարարը ու ԵՊՀ ուսանողական վարչության պետը խոստացել են, որ ցույց չանելու դիմաց ֆիզիկայի ֆակուլտետում կվերակագնվեն մագիստրական տեղերը` անցած տարվա նման ապահովելով 15 տեղ», - ասաց Իոնիսյանը։

ԵՊՀ ուսանողական վարչության պետ Միհրան Հակոբյանը չհերքեց այն փաստը, որ ցույցից մեկ օր առաջ իրենք հանդիպել են նախարարի հետ, «ում տված խոստումներն այնքան համոզիչ են եղել, որ ուսանողները որոշել են ցույց չանել»:

«Մագիստրատուրայի տեղերի հետ կապված կառավարության որոշում չկա, իսկ ֆիզիկայի ֆակուլտետում տեղերի պահպանումը հասկանալի է, քանի որ տնտեսության գերակա ճյուղեր են հենց բնական գիտությունները», - նշեց նա։

Իսկ այն հարցին, թե ինչու է վաղ առավոտից բուհը շրջապատված ոստիկանական մեքենաներով, ԵՊՀ ռեկտորը պատասխանեց, որ ինքը «նման բան չի նկատել, իսկ ուսանողներին տրված քաղաքապետարանի թույլտվությունը եղել է ոչ թե ցույցի, այլ «միտինգի»»:

Համալսարանն, ի դեպ, տարբեր պատճառներով առաջին հերթի ուսանողներին ազատել էր դասերից։ Միհրան Հակոբյանը բացատրեց, որ որոշ ֆակուլտետներ որոշել են այսօր գնալ Ծիծեռնակաբերդ, մյուսները զբաղված են այլ ծրագրերով։

Հիշեցնենք, որ մարտի 18-ի կառավարության որոշման համաձայն ասպիրանտական տեղերը կրճատվել են ուղիղ կեսով: Ապրիլի 29-ին սպասվում է մագիստրատուրայի տեղերի վերաբերյալ որոշումը:

Ի դեպ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, մի քանի օր առաջ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում առաջարկել է ավելացնել զորակոչային տարիքը մինչեւ 32-35 տարեկան` ներկայիս 27-ի փոխարեն:

XS
SM
MD
LG