Մատչելիության հղումներ

logo-print

Չնայած տնտեսական աճին՝ աշխատատեղերի խնդիրը մնում է «խիստ արդիական»


Հայաստան -- Կառավարության նիստ

Հայաստան -- Կառավարության նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը կառավարության նիստում հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ։ Այս շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ էր հրապարակել, ըստ որոնց 2010 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 5.5 տոկոս տնտեսական աճ։ Վարչապետը նշեց, որ տնտեսական աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում։ Մասնավորապես, 10 տոկոս աճ կա արդյունաբերության ոլորտում, սակայն անկում է գրանցվել շինարարության ոլորտում։

«Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, եւ կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռեւս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում», - մեկնաբանեց վարչապետ Սարգսյանը։

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 60 տոկոսով աճել են արտահանման, եւ 20 տոկոսով՝ ներմուծման ցուցանիշները։ Ընդ որում, թե՛ արդյունաբերության, թե՛ արտահանման ծավալների ավելացումը հիմնականում ապահովել է հանքարդյունաբերության ոլորտը։ Վարչապետն ասաց, որ նույնիսկ ավելի քան 2 միլիարդ արտաքին պարտքի պարագայում, եթե կարողանան այս ցուցանիշները մինչեւ տարեվերջ պահպանել, մակրոտնտեսական կայունությունը հանրապետությունում կպահպանվի։

«Մեր հակաճգնաժամային միջոցառումների զգալի մասը ոչ թե պետության արտաքին պարտքի բեռի հաշվին է եղել, այլ այն հաշվին, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը տեղաբաշխել ենք մասնավոր ձեռնարկություններում, այդ թվում նաեւ առեւտրային բանկերի միջոցով», - այս առումով ասաց Տիգրան Սարգսյանը՝ պարզաբանելով. - «Չնայած որ դա պետության պարտավորությունն է, բայց դա ուղղակի բյուջետային մարումներ չեն լինելու, այլ մասնավոր հատվածն է հատուցելու այն»։

Վարչապետի խոսքով, արտաքին պարտքի տեսակետից պետությունը առայժմ դուրս չի եկել օրենսդրությամբ սահմանված ցուցանիշների շրջանակից. - «Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք բանակցությունները նոր պարտքեր վերցնելու առումով։ Այնպիսի պարտքեր ենք վերցնելու, որոնք խթանելու են տնտեսական աճը եւ որոնք ի վիճակի ենք լինելու տնտեսվարող սուբյեկտների շահույթների հաշվին վճարել»։

Անդրադառնալով երկրում գործազրկության մակարդակին, վարչապետը փաստեց, որ չնայած առաջին եռամսյակում գրանցված 5.5 տոկոս տնտեսական աճին, աշխատատեղերի խնդիրը մնում է խիստ արդիական։

«Մեր առաջիկա ծրագրերը ուղղված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն տնտեսական աճի արդյունքները», - հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունն այսօր անդրադարձավ նաեւ Հայաստանում ապրող Երկրորդ աշխարհամարտի 3800 վետերաններին ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունք տալուն: Պետական սեփականության տրանսպորտային միջոցներին՝ օրինական, իսկ մասնավորներին բարոյական ցուցում տվեց վարչապետը:

«Այն, ինչ վերաբերում է պետականին, մենք այդ բեռը վերցնում ենք մեզ վրա, ինչ վերաբերում է մասնավորին, մենք ուղղակի մեր գործընկերներին դիմում ենք, որ նրանք նույնպես կառավարության օրինակով անվճար ծառայություններ մատուցեն Հայրենական պատերազմի վետերաններին», - ասաց Տիգրան Սարգսյանը:
XS
SM
MD
LG