Մատչելիության հղումներ

Աբխազիայի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում: Պատճառը` Սուխումի ժամանած թուրքական պատվիրակության եւ Աբխազիայի կառավարության միջեւ բանակցությունների անհաջող ընթացքն է:

Թուրքիայի արտգործնախարարության Հարավային Կովկասի վարչության ղեկավար Նուրդան Բայրաքթարն ու Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Լեւենթ Բուրհանը Սուխումի էին ժամանել չորեքշաբթի օրը` երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Թուրքական կողմը, սակայն, վերջին պահին փոխեց բանակցությունների օրակարգը, վարչապետ Սերգեյ Շամբային հանձնելով Աբխազիայի խնդրի լուծման` Վրաստանի իշխանությունների կողմից մշակված ծրագիրը: Աբխազ լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի Սուխումիի թղթակից Ինալ Խաշիգի վկայությամբ` թուրք դիվանագետների այս քայլը խիստ զայրացրել է Աբխազիայի իշխանություններին:

«Դեռ անցած տարի, երբ Աբխազիա էր ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեւիքյոզը, Սուխումիում բավական դրական էին գնահատում այն պայմանավորվածությունները, որ ձեռք բերվեցին այդ այցի ընթացքում. նշեմ, որ այդ պայմանավորվածությունների մանրամասները մինչ օրս չեն գաղտնազերծվում: Թուրքական այս մի պատվիրակության այցը, սակայն, սկանդալի պատճառ դարձավ: Նախապես հայտարարված խնդիրների մասին խոսելու փոխարեն թուրք դիվանագետները այլ խնդրի վրա կենտրոնացան», - փոխանցում է Խաշիգը:

Աբխազ լրագրողի խոսքով` Թուրքիան, փաստորեն, փորձում էր միջնորդական առաքելություն ստանձնել Սուխումիի եւ Թբիլիսիի միջեւ:

«Երբ թուրք դիվանագետները հայտարարեցին, որ ցանկություն ունեն միասնական մի պլատֆորմ ձեւավորել, որը կնպաստեր Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ առկա խնդիրների լուծմանը, վարչապետ Սերգեյ Շամբան աներկբայորեն պատասխանեց. - «Աբխազական կողմը այս հարցի շուրջ կբանակցի միայն Վրաստանի հետ, իսկ Անկարայի հետ Աբխազիան կխոսի երկկողմ հարաբերությունների զարգացման մասին միայն»: Այդ քննարկումներն էլ, ըստ Շամբայի, չեն կարող դուրս գալ որոշակի շրջանակներից, քանի որ Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի անկախությունը», - նշում է Խաշիգը:

Աբխազիայի վարչապետը թուրքական պատվիրակության այցից հետո հայտարարել է, որ այսուհետեւ պաշտոնական Սուխումին մուտքի արտոնագիր չի տրամադրելու երրորդ պետությունների` Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG