Մատչելիության հղումներ

Կոալիցիան անհրաժեշտ է համարում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի կառավարող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդները հինգշաբթի օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում անհրաժեշտ են համարում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը:

«Նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, [Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը] անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման», - ասված է Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետեւողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ - թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարեւորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում», - նշում են կոալիցիայի կուսակցությունները` հավելելով. - «Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»:

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն «անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջան հակամարտության կարգավորումից»:

Անդրադառնալով արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու՝ կոալիցիայի առաջարկին, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե գուցե գործընթացի կասեցումը գերտերություններին դուր չգա, բայց դրանով իրենք ապացուցում են իրենց վճռականությունը։

«Քանի որ Թուրքիան ի վիճակի չէ այսօր արձանագրությունները վավերացնելու, տարբեր խնդիրների հետ է կապում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ երկրի նախագահը ժամանակավորապես կասեցնի, մինչեւ թուրքական կողմը ի վիճակի կլինի վավերացնել արձանագրությունները», - նշեց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ գուցե կասեցումը «գերտերություններին դուր չգա», բայց հայկական կողմը դրանով «իր վճռականությունն է ապացուցում»։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դատելով կոալիցիայի հետ Հանրապետության նախագահի հանդիպումից, կարծում է, որ արձանագրությունները Ազգային ժողովից ետ կկանչվեն։

Զոհրաբյանի կարծիքով, արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումից հայկական կողմը որեւէ կերպ չի տուժի. - «Հայկական կողմը որեւէ կանոն չի խախտում: Իսկ թե որքանով է բարենպաստ, որքանով բարենպաստ չէ, ես կարծում եմ, որ հետեւություններ պիտի անի Թուրքիան, որովհետեւ միջազգային հանրության կողմից շատ բան էր դրված եղել հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու սեղանին, եւ բնավ չի շահելու այն պետությունը, որի ջանքերով այս հարաբերությունների բնականոնեցման գործընթացը կմտնի փակուղի եւ կտապալվի: Իսկ որ այդ երկիրը հաստատ Հայաստանը չէ, եւ դա Թուրքիան է՝ միանշանակ է: Այնպես որ պատասխանատվության ողջ բեռը այժմ կրելու է Թուրքիան»:

Իսկ Հայաստանը, ըստ պատգամավորի ոչինչ չի կորցնում: «Որովհետեւ փակ սահմանը Թուրքիան երկրորդ անգամ փակել չի կարող», - փաստարկեց Նաիրա Զոհրաբյանը:

Կոալիցիոն մյուս՝ «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցմամբ «հայկական կողմը կցուցաբերի սկզբունքայնություն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG