Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունելու իր հանձնառությունը


Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ դեմոկրատ մեծամասնության ղեկավար Սթեյնի Հոյերը չորեքշաբթի օրը վերահաստատել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունելու իրենց հանձնառությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը, որ Կոնգրեսի շենքում կազմակերպել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, Նենսի Փելոսին ողջունել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի նախագծի ընդունումը եւ կոչ է արել գործընկերներին կանգ չառնել, մինչեւ Միացյալ Նահանգների ամբողջ կառավարությունը պատշաճ ձեւով չճանաչի այդ ոճիրը որպես ցեղասպանություն:

Փելոսին շեշտել է նաեւ, որ այս խնդիրը մարտահրավեր է Ամերիկայի խղճին:

Սթեյնի Հոյերը, իր հերթին, կոչ է արել գործընկերներին եւ բոլոր ամերիկացիներին երբեք չմնալ ցեղասպանության սովորական վկաների դերում:

Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը խոսել է ինչպես ցեղասպանությանը, այնպես էլ դրա ուրացմանը ընդդիմանալու բարոյական պարտավորության մասին, որը, ըստ նրա, ունեն բոլոր ամերիկացիները:

Թիվ 252 օրինագծի հեղինակ Ադամ Շիֆը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը Կոնգրեսի երկու պալատներում եւ այդ հանցագործության լիակատար ճանաչմանը Միացյալ Նահանգների կառավարության կողմից:

Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցող շուրջ երկու տասնյակ կոնգրեսականների թվում էին նաեւ հայկական ծագում ունեցող երկու օրենսդիրները` Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատներ Ջեքի Սփայերը եւ Աննա Էշուն, որոնք նույնպես իրենց ելույթներում հավաստիացրել են, որ հետեւողականորեն հետամուտ են լինելու Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG