Մատչելիության հղումներ

Խալաֆյանի մահվան գործով ձերբակալվել է օպերլիազոր Հայրապետյանը


Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանը:

Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանը:

Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գտնվում ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը, չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010 թվականի ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը»։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները Վ.Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ գործի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ եւ թվարկված են նախաքննական մարմնի՝ փորձագետներին ուղղված հարցերը:

Նախաքննական մարմինը ակնկալում է, որ «այս եւ մի շարք այլ հարցադրումների պատասխանները կօգնեն նախաքննությանը հստակեցնելու Վ.Խալաֆյանի մահվան մի շարք կարեւոր հանգամանքներ»։

Հաղորդվում է, որ նախաքննության շրջանակներում հարցաքննվել են «մի շարք անձինք, նրանց թվում՝ Վ.Խալաֆյանի հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, ոստիկանության օպերլիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ այլոք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG