Մատչելիության հղումներ

logo-print

Սաբինա Ֆրեյզերը առաջարկում է մի կողմ դնել արձանագրություների դժվարին դրույթները ու առաջ մղել քիչ վիճարկելի մասերը


իջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզեր

իջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզեր

«Ապրիլի 24-ին հայերն ու թուրքերը կրկին հայացքները կուղղեն դեպի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման՝ տեսնելու համար, թե նա հիշատակի օրվա իր ուղերձում ինչպես կբնութագրի 1915 թվականին օսմանյան հայերի զանգվածային սպանություններն ու տեղահանումները»,- Global Post պարբերականում չորեքշաբթի օրը հրապարակված հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։

Նա հիշեցնում է, որ անցյալ տարի Օբաման ընտրեց հայկական տերմինը՝ Մեծ Եղեռն։ «Շատ հայերի համար, որոնք պնդում են, որ համապատասխան բառը միայն ցեղասպանությունն է՝ դա բավարար չէր, մինչդեռ շատ թուրքերի համար՝ չափից ավելին էր», - գրում է փորձագետը։

«Դժբախտաբար, ուշադրության ամենամյա այդ կենտրոնացումը՝ թե ինչ կասի Միացյալ Նահանգների նախագահը՝ տեղին չէ։ Դա Միացյալ Նահանգների նախագահի հարցը չէ, դա թուրքերինն ու հայերինն է, որոնք համաձայնության կարիք ունեն», - նշում է Սաբինա Ֆրեյզերը՝ շարունակելով. - «2009-ին հույս կար, որ երկու կողմերը կանեն դա, հատկապես՝ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններից հետո։ Բայց հոկտեմբերից հետո հարաբերությունները նորմալացնելու գործընթացը կանգ առավ, եւ հիմա փոքր շանս կա, որ արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարաններում շուտով»։

Ըստ նրա մեկնաբանության՝ հույսն այն է, որ բաց սահմանը կարող աստիճանաբար օգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին։ Աճող շփումները կարող են նպաստել տնտեսության զարգացմանը, տարածաշրջանի կայունությանը եւ Հարավային Կովկասում Թուրքիայի հավասարակշռված ներգրավվածությանը։

«Ադրբեջանը սակայն չի տեսնում այս ճանապարհը»,- գրում է Ֆրեյզերը՝ հիշեցնելով, որ 2009-ի գարնանից Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է ե՛ւ Թուրքիայի վարչապետին, ե՛ւ ընդդիմությանը՝ պահանջելով «փակ պահել սահմանը մինչեւ չազատվեն օկուպացված տարածքները»։

«Թուրքիայի կառավարությունը որոշեց չանտեսել Ադրբեջանի ճնշումները», - շարունակում փորձագետը ու նշում, որ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող դժվարին բանակցություններին զուգահեռ՝ կառավարությունը չի ցանկանում խորհրդարանում ազգայնական ընդդիմության հետ պայքարի մեջ մտնել նաեւ սահմանի բացման հարցում։

«Քիչ շանս կա, որ արձանագրությունները կարող են առաջընթաց ունենալ մինչեւ 2011 թվականի Թուրքիայի հաջորդ ընտրությունները, կամ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բազային սկզբունքների երկար սպասվող համաձայնագրի ստորագրումը», - գրում է Սաբինա Ֆրեյզերը։

Նա նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ճնշման տակ է։ Չի օգնում նույնիսկ այն փաստարկը, որ Հայաստանում արձանագրությունների արագ վավերացումը գնդակը կտեղափոխի Թուրքիայի դաշտ եւ Երեւանին միջազգային դիվիդենտներ կբերի։

Ֆրեյզերը զգուշացնում է, որ եթե առաջընթաց չլինի, կարող են կորչել տասնամյակ տեւած ջանքերը, որ նախորդել էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը. - «Անկարայի ու Երեւանի համար հիմա լավագույն քայլ կարող է լինել այն, որ ժամանակավորապես մի կողմ դրվեն արձանագրությունների առավել դժվարին դրույթները եւ առաջ մղվի քիչ վիճարկելի մասը։ Չնայած ընթացիկ դժվարություններին, նրանք կարող են դիվանագիտական կապեր հաստատել ու փոխադարձաբար ճանաչել միմյանց միջեւ սահմանը։ Սա խորհրդարանի հաստատման կարիք չունի, չի առնչվում Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ, պարզապես վերաբերում է երկկողմ հարաբերություններին»։

Նա նշում է, որ թե՛ հայերը, թե՛ թուրքերը մի շարք խնդիրներ ունեն, որոնք հյուպատոսական պարզ ծառայությունների կարիք ունեն՝ մոտավորապես 40 հազար Հայաստանի քաղաքացիներ ապրում են Թուրքիայում, տասնյակ հազարավոր հայ զբոսաշրջիկներ այցելում են Թուրքիայի ծովափնյա հանգստավայրերը։ Թուրքիայի բազմաթիվ բեռնատար մեքենաներ գնում են Երեւան, բեռնափոխադրումներ են իրականացվում, Հայաստանում Թուրքիայի փոքր բիզնեսի ծառայություններ են իրականացվում»։

Ֆրեյզերի կարծիքով, այս առումով Օբամայի ուղերձը կարող է խանգարող հանգամանք լինել։

«Նույնիսկ ընթացիկ դիվանագիտական դժվարին մթնոլորտում Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարները կարող են եւ պետք է սկզբնական քայլերն անեն ապահովելու որ իրենց երկրների ժողովուրդները կարողանան կառուցել բարգավաճ ապագա ու օգնելու իրենց ժողովուրդներին համաձայնության հասնել իրենց ընդհանուր պատմության հետ», - եզրափակում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG