Մատչելիության հղումներ

Համանախագահները քննարկումները կշարունակեն Մոսկվայում` ամբողջ կազմով


Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Բեռնար Ֆասիե, Յուրի Մերզլյակով եւ Ռոբերտ Բրադկե

Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Բեռնար Ֆասիե, Յուրի Մերզլյակով եւ Ռոբերտ Բրադկե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկումները կշարունակեն հինգշաբթի օրը Մոսկվայում` ամբողջ կազմով: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին չորեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին հայտնել է ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը եւ նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովը Ադրբեջան են ժամանել երեքշաբթի օրը եւ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ: Մերզլյակովը ադրբեջանական կողմին է ներկայացրել Պոպովին:

Բաքվում կայացած հանդիպումներին հաջորդած ասուլիսի ժամանակ միջնորդները դրական եւ կառուցողական են գնահատել բանակցությունները Բաքվում:

«Ինչպես միշտ, ես տեսա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման` նախագահ Իլհամ Ալիեւի ձգտումը: Մենք պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ նախագահ Բարաք Օբամայի հետ նույնպես մեծ նշանակություն ենք տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Բրադկեն:

Նրա խոսքերով` Մադրիդյան լրամշակված սկզբունքներում կան որոշ կետեր, որոնց շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, եւ համանախագահները կշարունակեն աշխատել դրա վրա:

Ամերիկացի համանախագահը նշել է նաեւ, որ Մոսկվայում կայանալիք քննարկումներից հետո հնարավոր է հստակեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամկետը:

Ռոբերտ Բրադկեն ասել է, որ հիմա միջնորդների նպատակը «կորցրած պահերը վերադարձնելն է» խաղաղ գործընթաց։

Բրադկեին խնդրել են մեկնաբանել պաշտոնական Բաքվի հայտարարությունը, թե Ադրբեջանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները, իսկ Հայաստանը` մերժել։ Ըստ «Թուրան» գործակալության` ամերիկացի համանախագահը չի պատասխանել հարցին, միայն ասել է, թե երկու կողմի հետ էլ բանակցությունները ընթացքի մեջ են։

Բրադկեն նաեւ հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Միացյալ Նահանգների հասցեին արված քննադատությունները, ինչպես նաեւ եկող ամիս նախատեսված` Ամերիկայի հետ համատեղ զորավարժությունների հետաձգումը. ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ Ադրբեջան է եկել` քննարկելու Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Իգոր Պոպովը, իր հերթին, հայտարարել է, թե «համանախագահի փոփոխությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում չի փոխվելու, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը որոշում է ոչ թե համանախագահը, այլ երկրի նախագահը»: Նա հաստատել է Ռուսաստանի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ խոստացել շարունակել ակտիվ ջանքերը` խնդիրը լուծելու համար։

Նորանշանակ համանախագահը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան:

Իգոր Պոպովը Ռուսաստանի նախկին դեսպանն է Մոզամբիկում:

Ըստ «Թուրան»-ի` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքու չէր ժամանել վերջին օրերին Եվրոպայում ավիաչվերթների դադարեցման, հետաձգման պատճառով։ Հինգշաբթի օրը նա կլինի Մոսկայում, եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները լրիվ կազմով կքննարկեն հերթական քայլերը` լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG