Մատչելիության հղումներ

Օպերլիազորը ձերբակալվել է 24-ամյա երիտասարդին ինքնասպանության հասցնելու կասկածանքով


Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանը
Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանը

Ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը։

Ապրիլի 13-ին գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերված Վահան Խալաֆյանը մահացել էր։ Ոստիկանության պնդմամբ, 24-ամյա երիտասարդը ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում ինքնասպան էր եղել բաժանմունքի պահարանում դրված դանակով։ Մինչդեռ մահացած երիտասարդի հարազատները պնդում են, որ Վահանին ոստիկանությունում տանջելով սպանել են։

Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գտնվում Խալաֆյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը, չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Վ.Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010 թվականի ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը»։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ Ոստիկանությունը, ամեն դեպքում, պետք է պատասխանատվություն կրի ապրիլի 13-ին Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան համար:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Արմեն Հարությունյանը նշեց, թե անկախ այն հանգամանքից, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով առաջ քաշված որ վարկածն է (այդ թվում՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը) իրականությանը համապատասխանում, ոստիկանությունը ամեն դեպքում կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրի։

«Կապ չունի, թե ինչ վարկածներ կան։ Խնդիրը հետեւյալն է. սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացին ոստիկանություն է մտնում եւ այնտեղից մահացած դուրս է գալիս։ Նույնիսկ եթե այն վարկածը, որ ոստիկանապետը առաջ քաշեց, դա է [համապատասխանում իրականությանը], միեւնույն է, պատասխանատուներ պետք է լինեն», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ մարդը եկավ եւ ոստիկանությունում ինքնասպանություն գործեց։ Չի' կարելի այդպես։ Մարդու կյանքը արժեքազրկում են ահավոր»։

Արմեն Հարությունյանը «անթույլատրելի» համարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պնդումները, թե Վահան Խալաֆյանը միանշանակորեն չի խոշտանգվել, այլ ինքնասպանություն է գործել։ Օմբուդսմենի խոսքով, քանի դեռ դատաբժշկական փորձաքննության եզրակցությունը չի հրապարկվել, պետք չէ նման հայտարարություններ անել։

«Չի կարելի նմանատիպ հայտարարություններ անել, քանի որ գործընթաց է գնում, եւ գործընթացի արդյունքում, էքսպերտների ուսումնասիրությունների արդյունքում նոր պարզ կլինի, թե ինչ է եւ ինչպես է։ Այդ դեպքերում պետք է միանշանակ կարծիք հայտնելուց ձեռնպահ մնալ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից ծեծի միջոցով ցուցմունքներ կորզելու պրակտիկային, ապա Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ, այդ երեւույթն այսօր էլ շարունակվում է։

Օմբուդսմենի տարեկան զեկույցի համաձայն, Ոստիկանության համակարգի դեմ ուղղած քաղաքացիների դիմում-բողոքները 2009-ին զգալիորեն աճել են։ Ընդ որում՝ բողոքները վերաբերում են «Ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն եւ անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից դրսեւորված անմարդկային վերաμերմունքին եւ խոշտանգումներին»։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ անձանց ծեծի ենթարկելը, բռնությունն ու խոշտանգումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով։ Եղել են նաեւ դեպքեր, երբ պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ոստիկանության բաժին, որտեղ հայտնաբերել են կապտուկներով եւ մարմնի վրա խոշտանգման հետքերով քաղաքացիներ», - նշված է զեկույցում։

Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը իր զեկույցում արձանագրում է, որ «խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքներով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը հասնելը մեր իրականության մեջ գրեթե անհնար է, քանի որ Ոստիկանությունը քաղաքացիների ներկայացրած փաստերը մշտապես համարում է իրականությանը չհամապտասպանող եւ անհիմն»։

«Ցավով պետք է արձանագրել, որ նման երեւույթներն արդեն արատավոր պրակտիկա են դարձել մեր իրավապահ համակարգում, իսկ տիրող անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նմանատիպ դեպքերի աճին», - ասված է օբուսմենի զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG