Մատչելիության հղումներ

Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Իրանի հարցում միջնորդության Անկարայի պատրաստակամությունը


Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլի

Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլի

Միացյալ Նահանգները արձագանքել է Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու արած հայտարարություններին, թե իր երկիրը պատրաստ է միջնորդ լինել պաշտոնական Թեհրանի ու Արեւմուտքի միջեւ՝ Իրանի միջուկային ծրագրերի հարցում։

Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլիին հարց է ուղղվել, թե Միացյալ Նահանգները տեսնո՞ւմ է արդյոք Թուրքիայի դերակատարությունը Իրանի հարցում, ողջունո՞ւմ է արդյոք այդ առաջարկը։

«Իհարկե, մենք տեսնում ենք Թուրքիայի դերակատարությունը», - պատասխանել է Քրոուլին` նշելով, որ Թուրքիան Իրանի անմիջական հարեւանն է, եւ Իրանի հարցում ինչ էլ պատահի ապագայում` Թուրքիան առաջինն է զգալու դրա ազդեցությունը: - «Այդպիսով, մենք ընդունում ենք, որ Իրանի հարցում ապագան Թուրքիայի համար կենսական կարեւոր է` այնպես, ինչպես կենսական կարեւոր է տարածաշրջանի մյուս երկրների եւ Միացյալ Նահանգների համար»։

«Կարո՞ղ է Թուրքիան կառուցողական դերակատարություն ունենալ։ Անշուշտ։ Արդյո՞ք նրանք փորձում են դա անել։ Այո։ Արդյո՞ք մենք խրախուսում ենք դա։ Այո», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Միաժամանակ, նա նշել է, որ միջնորդական առաքելության համար անհրաժեշտ է նաեւ բանակցություններում լրջորեն ներգրավվելու Իրանի կամքը, ինչը, սակայն, վերջին ամիսներին չի նկատվում։

Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում Թուրքիան չպաշտպանեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու` Միացյալ Նահանգների առաջարկը։

Թեհրանում Դավութօղլուն ասել էր, թե ցանկանում են, որ խնդիրը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG