Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է 5.5 տոկոսով


Ընթացիկ տարվա առաջին եռամսյակը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների, Հայաստանը փակում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5.5 տոկոսի աճով։

Ավելի վաղ կանխատեսումներ էին հնչում, թե 2010-ի հունվար-մարտ ժամանակահատվածում կգրանցվի 3-3,5 տոկոս տնտեսական աճ։ ՀՆԱ-ի եռամսյա աճը, սակայն, գերազանցեց բոլոր սպասելիքները։

Էական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 10, 4 տոկոս։ Այս ցուցանիշի գրեթե կեսը, սակայն, ձեւավորվել է հանքարդյունաբերության հաշվին։ Գյուղատնտեսության աճը կազմել է 3,2 տոկոս։ Ծառայություններն աճել են 6,2 տոկոսով։ 1 տոկոսով աճել է մանրածախ առեւտուրը։ Թերեւս միակ ոլորտը, որտեղ անկում է գրանցվել (0,6 տոկոս), շինարարությունն է:

Գումարային արտահայտությամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 568 մլրդ 50 մլն դրամ։

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս ցուցանիշները կարող են վկայել, որ տնտեսական ճգմաժամը հաղթահարված է՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, մասնավորապես, նշեց. - «Ոչ թե ճգնաժամը հաղթահարվել է: Ճգնաժամը, ըստ էության, բարդ երեւույթ է, եւ այդպես հեշտությամբ չի հաղթահարվում: Դրա հետեւանքները մնում են որպես այդպիսին»:

Այնուամենայնիվ, ըստ Վարդան Բոստանջյանի, սա խոսում է դրական միտումների առկայության մասին:

«Առաջին եռամսյակը ամենաբնութագրական եռամսյակը չէ՝ տարվա կտրվածքով», - հարկ համարեց հավելել պատգամավորը:

Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաեւ եռամսյակային աճի ֆոնին արձանագրված բարձր գնաճին։ Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, գնաճը կազմել է 8,4 տոկոս։

«Բնականաբար, փոքր հնարավորությունների տեր երկիրը ունի որոշակի դժվարություններ գնաճի զսպման առումով: Հատկապես, որ ինքնաբավության առումով Հայաստանի Հանրապետությունը չի տիրապետում ռեսուրսների», - նշեց նա:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ՀՆԱ-ի` առաջին եռամսյակում գրանցված 5, 5 տոկոսի աճը, նշեց, որ նախորդ տարում իրականացված հակաճգնաժամային ծրագրերն արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը՝ հավելելով, թե իր կարծիքով 2010-ը կլինի առաջին հետճգնաժամային տարին։

Մինասյանը հատուկ ուշադրություն հրավիրեց արտահանման ծավալների 61 եւ ներուծման 23 տոկոսի աճի ցուցանիշների վրա՝ մեկնաբանելով. - «Այսինքն՝ արտաքին ապրանքաշրջանառությունը եւս էապես աճել է առաջին եռամսյակում, որը եւս խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը եւ գնողունակ պահանջարկը բավականին մեծ են, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում»:

Այնուամենայնիվ, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, լուրջ մարտահրավեր է մնում 8 տոկոսը գերազանցող գնաճը, ինչը զսպելու համար Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը պետք է համապատասխան քայլեր կատարեն։

Հիշեցնենք, որ այդ քայլերից մեկն արդեն կատարվել է. մի քանի օր առաջ Կենտրոնական բանկի խորհուրդի որոշմամբ 0.5 տոկոսային կետով բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձանագրված 5.5 տոկոսի աճը բացատրեց երկու հիմնական հանգամանքով. Հայաստանից արտահանվող հանքարդյունաբերական արտադրանքի միջազգային գների կտրուկ աճով եւ Հայաստանում արձանագրված մեծ գնաճով։

«Իսկ ընդհանուր առմամբ, դատելով մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ներկայիս պատկերից, կառավարությունը տնտեսության կառուցվածքային վերանայմանը միտված որեւէ քայլ ցայժմ չի արել», - ասաց Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG