Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ


Ռուսաստան -- Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Գորկիում, 20-ը ապրիլի, 2010

Ռուսաստան -- Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Գորկիում, 20-ը ապրիլի, 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ վերջինիս մերձմոսկովյան Գորկի նստավայրում։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ։

«Այն, որ մենք հանդիպում ենք այսպիսի նախանձելի հաճախականությամբ եւ կանոնավոր կերպով, ինձ թվում է, շատ կարեւոր է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող փոխվստահության եւ փոխհամաձայնության տեսակետից», - ասել է Ռուաստանի նախագահը` ընդգծելով, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։

Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն էր: Երկու նախագահների նախորդ հանդիպումները կայացել էին Մոսկվայում եւ Սոչիում։

Իր հերթին, Հայաստանի նախագահը առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին Երեւանում հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի բացման կապակցությամբ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը Երեւանում Ռուսաստանի դեսպանատան հետ աշխատանք է տանում ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի վերականգնման ուղղությամբ։

Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը` Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկի համար, նշելով, որ այդ վարկի դրական արդյունքները արդեն տեսանելի են։ «Առաջին եռամսյակում մենք համախառն ներքին արդյունքի 5.5 տոկոս աճ ենք արձանագրել», - ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ` Ռուսաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի շրջանակում:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG