Մատչելիության հղումներ

Բաքու են այցելել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահները


Ադրբեջան -- Բաքու, տեսարան Կասպից ծովից
Ադրբեջան -- Բաքու, տեսարան Կասպից ծովից

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում իր առաքելությունն ավարտող ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, նրան այդ պաշտոնում փոխարինած Իգոր Պոպովը եւ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն երեքշաբթի օրը ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք։ Ֆրանսիայի ներկայացուցիչ Բեռնար Ֆասիեն այս անգամ տարածաշրջան չի մեկնել։

Յուրի Մերզլյակովը նախագահ Իլհամ Ալիեւին է ներկայացրել Պոպովին։ Մինչ այդ լրագրողների հետ կարճատեւ զրույցում ռուսաստանցի նոր համանախագահը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորման համար։

«Ես իմ գործունեությունը սկսելու եմ այն կետից, որտեղ կանգ է առել իմ նախրոդը։ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է եւ չի փոխվել»,- ասել է Իգոր Պոպովը։

Իր հերթին՝ Մերզլյակովը արդյունավետ է համարել Մինսկի խմբի կազմում իր այս վերջին այցը տարածաշրջան. - «Ցավում են, որ վերջին անգամ եմ համանախագահի պաշտոնում այցելում Բաքու։ Բանակցությունների սեղանի շուրջ կարեւոր հարցեր ենք քննարկելու, կարծում եմ, սա իմ վերջին, բայց շատ արդյունավետ այցն է»։

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում ասել է, որ հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիեւին։

«Ինչպես Իլհամ Ալիեւն է ասել, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վճռորոշ փուլում ենք։ Հիմա հարկ է ետ վերադարձնել անցած երկու ամիսների ընթացքում վատնված ժամանակը։ Ես նախագահ Ալիեւին փոխանցելու եմ, որ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի խաղաղ գործընթացում առաջխաղացում ապահովելու համար»,- ասել է Բրադկեն։

Ադրբեջանի արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովի փոխանցմամբ, Բաքվում ակնկալում են, որ համանախագահները Ադրբեջանի ղեկավարներին կտեղեկացնեն, թե ինչպիսին է հայկական կողմի վերաբերմունքը Մադրիդյան լրամշակված սկզբունքների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG