Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է քննադատել Միացյալ Նահանգներին


Ադրբեջանի խորհրդարանի նիստը
Ադրբեջանի խորհրդարանի նիստը

Պաշտոնական Բաքուն շարունակում է քննադատել Միացյալ Նահանգների քաղաքականությունը տարածաշրջանում` պնդելով, թե Վաշինգտոնը հայկական սփյուռքի եւ որոշ շրջանակների ազդեցության տակ այժմ հայամետ քաղաքականություն է վարում։

Այդ մասին դեռեւս անցած շաբաթ մի քանի անգամ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազի ներկայացուցիչ Ալի Հասանովը` հայտնելով, թե Բաքուն այժմ քննարկում է իրավիճակը եւ դրանից ելնելով` առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկի։

Երեքշաբթի օրն էլ արդեն խորհրդարանի ամբիոնից պաշտոնական Վաշինգտոնի հասցեին քննադատությամբ հանդես եկան Ադրբեջանի իշխող կուսակցության` «Յենի Ազերբայջան»-ի ներկայացուցիչները։

«Թուրքիան արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, որի համաձայն` Հայաստանի հետ սահմանը կբացվի միայն ադրբեջանական հողերն ազատագրելուց հետո։ Ցավոք, Մինսկի խմբի որոշ համանախագահներ, մասնավորապես Միացյալ Նահանգները, դեմ են արտահայտվում այդ դիրքորոշմանը, ինչը չի համապատասխանում ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակին, Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու` Վաշինգտոնի միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ աշխարհում ժողովրդավարության եւ արդարության երաշխավոր դառնալու` Միացյալ Նահանգների փորձերին», - խորհրդարանում հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը։

Վաշինգտոնի հասցեին քննադատությամբ է հանդես եկել նաեւ իշխող կուսակցության գործադիր տնօրենի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը` պնդելով. - «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մի շարք պետությունների կողմնակալ վերաբերմունքը ուղղված է Ադրբեջանի շահերի դեմ, անհրաժեշտ է կտրուկ արձագանքել մեր շահերին հակասող այդ զարգացումներին»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը կամ նախագահը դեռեւս որեւէ կերպ թեմային չեն արձագանքել: Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Միացյալ Նահանգների հետ նախապես ծրագրավորված համատեղ ռազմական զորավարժությունները, եւ թեեւ պաշտոնական աղբյուրները որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում, այդուամենայնիվ, փորձագետներից շատերը պնդում են, որ որոշման հնարավոր պատճառներից մեկը հենց Վաշինգտոնի հանդեպ Բաքվի դժգոհությունն է։

«Գործընթացները փոխկապակցված են. տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովումն ու համագործակցությունը ուղղակիորեն կապված են հայ - ադրբեջանական պատերազմի հետեւանքները վերացնելու հետ», - երեքշաբթի օրը հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչ Ալի Ահմեդովը։

Որոշ քաղաքագետներ էլ պնդում են, որ Վաշինգտոնի հանդեպ Ադրբեջանի դժգոհությունը նաեւ մի մի շարք այլ հիմնավոր պատճառներ ունի:

«Վերջին շրջանում Վաշինգտոնը բավական սուր քննադատության է ենթարկում մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում, այդ թվում` լրագրողների ազատազրկման դեպքերը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքներն ու ժողովրդավարական մյուս բացթողումները։ Կարծում եմ` Բաքվի դժհոգության պատճառներից մեկն էլ դա է », - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Հանուն Ադրբեջանի» ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Էլդար Նամազովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG