Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանում բացվել են հրաբխի ժայթքման պատճառով փակված 9 ուղղություններից 8-ը


Իսլանդիայում արթնացած Էյաֆյալլայոկուլ հրաբխի ժայթքումից առաջացած հրաբխային փոշու հսկայական ամպի պատճառով ապրիլի 15-ից հետո, երբ առաջին անգամ Երեւանից հետաձգվեցին դեպի Եվրոպա (բացառությամբ ռուսաստանյան ուղղության) չվերթները, փակվել էին բոլոր 9 ուղղությունները։

Այսօրվա դրությամբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը, բաց են եվրոպական ուղղություններից 8-ը (փակ է միայն դեպի Բեռլինի ուղղությունը), ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանք վաղն էլ բաց կմնան։

Էյաֆյալլայոկուլ հրաբուխը Իսլանդիայում:
Հրաբխային փոշու ամպը ստիպել էր եվրոպական բազմաթիվ օդանավակայանների ուղղակի դադարեցնել աշխատանքը, քանի որ հետաձգվել են տասնյակ հազարավոր ավիաչվերթներ: Մարությանի տվյալներով, այսօրվա դրությամբ Եվրոպայից Հայաստան չեն կարողանում վերադառնալ մոտ 750 ուղեւորներ, իսկ Երեւանից Եվրոպա չեն կարողանում մեկնել 1140-ը։

«Երեկ մենք ունեցանք առաջին չվերթը: Դա «Չեխական ավիաուղիներ»-ն են: Այսինքն՝ մենք երեկ արդեն 140 ուղեւոր բերեցինք դեպի Հայաստան: Մոտավորապես 30 տոկոսի չափով Երեւանից մեկնող ուղեւորները տոմսերը հետ են վերադարձրել: Բոլոր ավիաընկերությունները, գործակալությունները գումարը հարյուր տոկոսով հետ են վերադարձրել: Մենք հետամուտ ենք եղել այդ պրոցեսին նաեւ», - ասաց Արամ Մարությանը՝ նշելով, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում ստեղծված հատուկ հանձնախմբի եւ ավիաընկերությունների համատեղ ջանքերով այն ուղեւորների համար, ովքեր շտապ պետք է մեկնեն եվրոպական որեւէ ուղղությամբ կամ վերադառնան Երեւան, տոմսերը վերաձեւակերպվում են մեկ այլ ավիաընկերության բացված չվերթի վրա։

«Այսօր կանխատեսում ենք, որ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը նույնպես կսկսի իրականացնել չվերթները, եւ ավիաընկերության հետ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ինքնաթիռների տիպի փոփոխություն կատարվի՝ մեծ տիպի ինքնաթիռ փոխադրի: Որպեսզի կարողանանք ապահովել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում բոլորին կարողանանք վերադարձնել դեպի Հայաստան», - փոխանցեց նա:

Մարությանը շարունակեց, թե չվերթների հետաձգման միայն առաջին օրը` ապրիլի 15-ին են «Զվարթնոց» օդանավակայանում որոշակի կուտակումներ եղել, իսկ հետո իրավիճակը կարգավորվել է։

«Երկրորդ օրվանից սկսած ավիաընկերությունները ուղեւորների հետ կոնկրետ աշխատանք են կատարել, որպեսզի կուտակումներ չլինեն օդանավակայանում: Քանի որ չվերթից առաջ ուղեւորների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան կա օդանավակայանում, նախօրոք ուղեւորներին տեղեկացվել է, որ, ընդունենք, չվերթը չի իրականացվելու, որ ուղեւորները չգան օդանավակայան», - պարզաբանեց նա:

Հարցին, թե դեպի արեւելք շարժվող իսլանդական հրաբխային ամպը կարո՞ղ է արդյոք օդագնացության համար խնդիրներ ստեղծել հայաստանյան օդային տարածքում, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը արձագանքեց. - «Այդ խնդիրը ուսումնասիրության փուլում է: Մենք ունենք աերոնավիգացիոն ծառայություն, որտեղ այդ խնդիրը ուսումնասիրվում է: Այս պահի դրությամբ նմանատիպ մտավախություն չկա»:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հրաբխագիտության լաբորատորիայի աշխատակից Խաչատուր Մելիքսեթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես քիչ հավանական համարեց, որ նշված ամպի բացասական հետեւանքները կզգացվեն Հայաստանում։

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընկերությունը դեպի Եվրոպա թռիչքները սկսեց հետաձգել ապրիլի 16-ից եւ այսօր իրավիճակը նույնն է` դեպի Եվրոպա «Արմավիա»-ն առայժմ թռիչքներ չի իրականացնում։

«Բայց կարող ենք ասել, որ ապրիլի 24-ին Երեւան - Օդեսա - Երեւան չվերթը կկայանա: Երեւան - Խարկով - Երեւան եւ Երեւան - Կիեւ - Երեւան չվերթները կլինեն չվացուցակի համաձայն», - հավելեց նա:

Ավետիսովան նշեց, որ առ այսօր «Արմավիա»-ից տոմսեր գնած որեւէ ուղեւոր իրենց չի դիմել` ապահովելու հյուրանոց կամ սնունդ: Փոխարենը ուղեւորներին առաջարկում են փոխարինել իրենց տոմսերը տվյալ կամ այլ ուղղություններով, սակայն ավելի ուշ կայանալիք չվերթների տոմսերով։

Նա նաեւ ասաց, թե այս պահին դեռեւս ճշտված չեն թռիչքների հետաձգման պատճառով «Արմավիա»-ի կրած վնասները:
XS
SM
MD
LG