Մատչելիության հղումներ

20 միլիոն եվրոյի վարկային ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի հիփոթեքային շուկան


Հայաստանի կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկ

Գերմանական KFW բանկի եւ Հայաստանի կենտրոնական բանկի միջեւ ապրիլի 19-ին կնքվել է 20 միլիոն եվրոյի չափով վարկի տրամադրման մասին պայմանագիր։ Վարկն իրացվելու է Գերմանա-հայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում եւ նպատակ ունի խթանել Հայաստանի հիփոթեքային շուկան։

Սա շարունակվող ծրագիր է։ 2006 թվականի մարտին եւ 2007-ի դեկտեմբերին գերմանական KFW բանկի եւ Հայաստանի կենտրոնական բանկի միջեւ կնքվել էին համապատասխան պայմանագրեր, որոնցով Հայաստանի կենտրոնական բանկին վեցական միլիոն եվրոյի 2 մասնաբաժիններով վարկեր էին տրամադրվել։

Ներկայիս 20 միլիոն եվրոյի վարկը, ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության, տրամադրվելու է 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ պայմաններով։ Վարկը նախատեսվում է ամբողջությամբ օգտագործել առաջիկա 3 տարիների ընթացքում։

Գերմանա-հայկական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից եւ զբաղվում է գերմանական KFW բանկի տրամադրած վարկային ծրագրերի կառավարմամբ։ Հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակի տնօրեն Գեւորգ Թումանյանի մեկնաբանությամբ, այս ծրագիրը ուղղված է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի բավականաչափ պասիվացած հիփոթեքային շուկայի աշխուժացմանը։

«Ճգնաժամի հետեւանքով ժողովրդի մոտ առաջացավ բացասական սպասումներ [դրամի] փոխարժեքի մասով։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի մեծ մասը իրականացվում է արտարժույթով։ Այս անկայունության վիճակը եւ բացասական սպասումները նպաստեցին, որ պասիվանա շուկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գեւորգ Թումանյանը՝ հավելելով. - «Այս ծրագիրը իրականացվում է ամբողջովին դրամով, ինչը կնպաստի այդ պասիվությունից դուրս գալուն»։

Ինչ վերաբերում է հիպոթեկային շուկայի առավել էական գործոններից մեկին` սպառողի գնողունակության բարձրացմանը, ապա, ըստ Գեւորգ Թումանյանի, այս ծրագիրը դրա հետ անմիջական առնչություն չունի. - «Գնողունակությունը ընդհանուր առմամբ, [ծրագիրը] երեւի, չի բարձրացնի, որովհետեւ սրա նպատակը մի փոքր ուրիշ է: Բայց անուղղակի ձեւով՝ հնարավոր է»:

Գերմանա-հայկական հիմնադրամի գրասենյակի տնօրենը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ KFW-ն իր գործընկեր առեւտրային բանկերին, որոնցից են, օրինակ, «Արարատբանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը, «Առէկսիմբանկ»-ը եւ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն, վարկերը տրամադրում է 8,25 տարեկան տոկոսադրույքով։ Առեւտրային բանկերը, իրենց հերթին, հիպոթեկային վարկերը սպառողին են տրամադրում տարեկան 12-16 տոկոսադրույքով։

«Արարատբանկ»-ից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ կախված որոշակի պայմաներից, իրենց տրամադրած հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը տատանվում է տարեկան 12-14-ի սահմաններում։ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ից ասացին, որ տոկոսադրույքի տատանման միջակայքն իրենց մոտ 12-ից մինչեւ 15-ն է։

Հիպոթեկային գործունեության մեջ ներգրավված անշարժ գույքի գնահատման փորձագետներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց այն գնահատականին, որ շուկայի ակտիվացման համար առավել էական գործոնը մարդկանց սպասումներն էն։

«Նույնիսկ նպաստավոր պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելու դեպքում մարդկանց մոտ անհանգստություն կա՝ կկարողանա՞ն իրենք տարիների ընթացքում կատարել իրենց պարտավորությունները», - ասաց նա՝ հիշեցնելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի հիպոթեկային շուկան բավականաչափ ակտիվ էր, վարկերը տրամադրվում էին նույն, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ավելի բարձր տոկոսադրույքներով։

Այն ժամանակ, նրա խոսքով, դրան մեծապես նպաստում էին սպառողների դրական սպասումները եւ ապագայի քիչ թե շատ կանխատեսելի լինելու հանգամանքը։

KFW-ի տրամադրած եւ առհասարակ հիպոթեկային շուկայի ակտիվացմանը միտված վարկերի առնչությամբ փորձագետն ասաց. - «Վարկերը, իրարկե, եթե պայմանները գրավիչ են, ինչ-որ չափով կնպաստեն շուկային, բայց հիմնական գործոնը դա տնտեսական ստաբիլությունն է»:

Սպառողների գնողունակության բարձրացումը, ըստ փորձագետի, շատ ավելի ընդգրկուն խնդիր է եւ կապված է տնտեսության ընդհանուր զարգացման հետ:

Մարդկանց դրական սպասումների համար հիմք, ըստ Գերմանա-հայկական հիմնադրամի գրասենյակի տնօրեն Գեւորգ Թումանյանի, այնուամնայնիվ, կա։ Դատելով հիմնադրամի ծրագրերի ցուցանիշներից, հիպոէթեկային շուկայի պասիվության նվազագույն կետն արդեն անցել ենք:
XS
SM
MD
LG