Մատչելիության հղումներ

Օբամայի օրոք աշխարհի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ լավացել է


Բարաք Օբամա
Բարաք Օբամա

Նախագահ Բարաք Օբամայի իշխանավարության օրոք աշխարհի վերաբերմունքը Միացյալ Նահանգների հանդեպ կտրուկ լավացել է: Համենայն դեպս, այդ է վկայում BBC-ի պատվերով անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումը, որին մասնակցել են երկրագնդի չորս ծայրերում ապրող շուրջ երեք տասնյակ ազգերի ներկայացուցիչներ:

Եթե անցած տարի հարցմանը մասնակցած 28 երկրներից միայն 6-ն էին դրական գնահատել պաշտոնական Վաշինգտոնի ազդեցությունը աշխարհաքաղաքական զարգացումների վրա, ապա այժմ այդ ցուցանիշը եռապատկվել է:

«Միացյալ Նահանգների հանդեպ վերաբերմունքն այսօր ամենադրականն է Իրաքյան պատերազմի մեկնարկից ի վեր», - BBC-ին ասել է ուսումնասիրության հեղինակ Դագ Միլլերը եւ հավելել. - «Թեեւ Վաշինգտոնը իր բարի համբավով դեռեւս հեռու է այնպիսի պետություններից, ինչպիսիք են Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, սակայն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարկանիշը աշխարհում բարելավվում է, ինչը Օբամայի քաղաքականության արդյունքն է»:

Ուսումնասիրության համաձայն, մասնավորապես, Վաշինգտոնի հանդեպ վերաբերմունքը կտրուկ լավացել է հատկապես եվրոպական երկրներում, այդ թվում Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում: Դրական փոփոխություններ են արձանագրվել նաեւ մինչ այդ բավական կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկնող Ռուսաստանում եւ Չինաստանում: Բացառություն են կազմել միայն Թուրքիան եւ Հնդկաստանը. այս երկու պետություններում Միացյալ Նահանգների վարկանիշը նախագահ Բարաք Օբամայի իշխանավարության օրոք անկում է ապրել: Թուրքիայում Միացյալ Նահանգների քաղաքականությունը դրական է գնահատել հարցվածների 13 տոկոսը` նախորդ տարվա 21-ի փոխարեն, մինչդեռ գերակշիռ մեծամասնությունը` 70 տոկոսը պնդել է, թե Վաշինգտոնը այժմ բացասաբար է ազդում գլոբալ զարգացումների վրա:

Հարցման հեղինակները պարզել են նաեւ աշխարհի 29 հազար բնակիչների վերաբերմունքը մյուս գերտերությունների նկատմամբ: Ըստ այդմ, ամենադրական համբավը երկրագնդում վայելում է Գերմանիան, երկրորդ տեղում է Ճապոնիան, որին հետեւում է Մեծ Բրիտանիան:

Այս տարի 2009 թվականի համեմատ բարեփոխվել է վերաբերմունքը նաեւ Ռուսաստանի նկատմամբ, հատկապես Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Միացյալ Նահանգներում:

Ինչպես եւ նախորդ տարիներին` ամենավատ գնահատականն աշխարհում ստացել է Իրանը: Բացասական վերաբերմունքի են արժանացել նաեւ Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ Իսրայելը. վերջինի քաղաքականությունը դրական են գնահատել 28 պետություններից միայն 2-ի` Միացյալ Նահանգների եւ Քենիայի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG