Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում «բազմաթիվ հարցեր բաց մնացին»


Դաշնակցության խորդրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցության խորդրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումներին վերաբերող «բազմաթիվ հարցեր բաց մնացին», թեեւ ինքնին այցը, ընդհանուր առմամբ, դրական էր:

Մինչեւ ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության վերաբերյալ (ինչի մասին օրերս խոսել էր ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը) հարցին Հովհաննիսյանը արձագանքեց, թե այդ որոշումը պետք է կայացնի թուրքական կողմը:

«Պարոն Էրդողանը, որը վերջին իր երկու հայտարարություններում հստակ ասել է, որ սահմանը չի բացվի՝ մինչեւ Ղարաբաղյան հարցում հայկական կողմը չգնա միակողմանի զիջումների: Հենց միակողմանիորեն մի բան զիջեցիր՝ այլեւս կորած ես: Այնպես որ, այդ սցենարը [սահմանի բացման] ես տվյալ պահին հնարավոր չեմ գտնում», - հավելեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վաշինգտոնյան հանդիպումներում քննարկված հարցերի բովանդակությանը՝ Հովհաննիսյանը ասաց. - «Օֆիցիալ հրապարակումներ, թե այս ամեն ինչը ինչպես գնահատի մեր հանրությունը, չեն եղել, եւ դրա համար մենք միայն մթնոլորտային գնահատում կարող ենք տալ, որը, ես կարծում եմ, առանձնապես փոփոխություն չի արձանագրել, որովհետեւ ինչ տեղի կունենա, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը ինքը այստեղ կմեկնաբանի իր այցի արդյունքները, ես դժվարանում եմ ասել»:

Անդրադառնալով նախագահ Սարգյսանի՝ վաղվա կարճատեւ այցին մասին Ռուսաստանի մայրաքաղաք՝ Հովհաննիսյանը ասաց, թե տեղյակ չէ՝ այցը նախապես ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ:

Ռազմիկ Զոհրաբյան
ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախագահ Սարգսյանը վաշինգտոնյան այցից հետո չի հասցրել լինել ՀՀԿ-ի գրասենյակում եւ կուսակցությունում չի քննարկվել հարցը, թե ինչու է նախագահը մեկնում Մոսկվա:
Լեւոն Զուրաբյան


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, մոսկովյան այցի կապակցությամբ ասաց. - «Տեղեկություններ ունենք, որ իրականում ահագին ժամանակ Սերժ Սարգսյանը անհասանելի է եղել Ռուսաստանի իշխանությունների համար, որոնք փորձում էին այդ հանդիպումը իր հետ կազմակերպել: Ե'վ այս գաղտնիության քողը, որ ստեղծված է բանակցությունների շուրջ, ե'ւ այդ առեղծվածային կարճատեւ արձակուրդը, ե'ւ նախապես չհայտարարված այս այցերը ապացույց են նրա, որ Սերժ Սարգսյանին այսօր ներքաշել են ինչ-որ քաղաքական պրոցեսի մեջ, որտեղ ավելի շատ նա ենթակա է բազմաթիվ ճնշումների»:
XS
SM
MD
LG