Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային օդագնացության ճգնաժամը շարունակվում է


Իսլանդիայի հրաբուխը շարունակում է ժայթքել, մոխիրը հասել է Եվրոպայի տարբեր շրջաններ։ Հին աշխարհամասի հարյուրավոր օդանավակայաններ ամբողջությամբ կամ մասամբ պարապուրդի են մատնվել։ Օդագնացության համակարգի օրական կորուստը 250 միլիոն դոլար է կազմում։

Խոշոր ավիաընկերությունները պնդում են, որ այս բնագավառին սնանկացում է սպառնում, եւ պահանջում են արտոնել չվերթների վերսկսումը, սակայն Եվրոպական միությունը պատասխանել է, որ առավել կարեւորը ուղեւորների անվտանգությունն է, ուստի, վերսկսումը դեռ անհնարին է։

Որոշ ընկերություններ իրականացրել են փորձնական թռիչքներ եւ հայտնել, որ որեւէ խնդիր չի ծագել։ Եվրոպական մի շարք երկրներում օդանավակայանները մի քանի ժամով բացվել են, սակայն ընդհանուր առմամբ եվրոպական օդային տարածքը փակ է։

«Հրաբխի ժայթքումը աննախադեպ երեւույթ չէ, ամբողջ աշխարհում կան թռիչքներն այդ հանգամանքներում իրականացնելու հստակ կանոններ, եւ դրանք չեն ենթադրում այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչպիսին կիրառվում են Եվրոպայում», - հայտարարել է Եվրոպական օդագնացության ընկերակցությունը։

Եվրոպական միության մրցակցության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան ասել է, որ առավել տուժած ավիաընկերությունները պետություններից օժանդակություն կստանան։

Իսլանդական հրաբխի մոխիրը խափանել է նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի օդային հաղորդակցությունը։ «Զվարթնոց» օդանավակայանի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է, որ բուն օդակայանն ամբողջությամբ պատրաստ է սպասարկել բոլոր օդանավերը, «Զվարթնոց»-ում որեւէ խնդիր չկա, թռիչքներ տարբեր ուղղություններով իրականացվում են, սակայն եվրոպական ուղղության որոշ չվերթներ հետաձգվել են։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG