Մատչելիության հղումներ

Խոշոր սոցիալական լրատվական ցանցերի հիմնադիրները Հայաստանում են


Դրյու Քըրթիսը (ձախից) եւ Ալեքսիս Օհանյանը ներկայացնում են սոցիալ մեդիայում իրենց փորձառությունը, Երեւան, 16-ը ապրիլի, 2010թ.
Դրյու Քըրթիսը (ձախից) եւ Ալեքսիս Օհանյանը ներկայացնում են սոցիալ մեդիայում իրենց փորձառությունը, Երեւան, 16-ը ապրիլի, 2010թ.

Խոշորագույն սոցիալական մեդիա կայքերից մեկը` Reddit-ը, որ ամսական 7 միլիոն այցելու ունի, հիմնադրել է հայկական ծագում ունեցող Ալեքսիս Օհանյանը, ով իր ընկերոջ` Fark կայքի հիմնադիր Դրյու Քըրթիսի հետ Հայաստանում է եւ հանդիպումներ է ունենում հայաստանցի բլոգերների եւ սոցիալ մեդիայով հետաքրքրվողների հետ:


Երբ Fark.com սոցիալական մեդիա կայքում հայտվեց հաղորդագրություն այն մասին, որ երկու խոշորագույն լրատվական սոցիալական ցանցերի` Fark-ի եւ Reddit-ի հիմնադիրները Հայաստանում փոքրիկ հանդիպում-երեկույթ են կազմակերպում` այսպես կոչված փարթի,

Reddit-ի պես լրատվական սոցիալական ցանցերը վիրտուալ հարթակներ են, որտեղ ամեն ոք կարող է տեղադրել իր համար ուշագրավ նորությունը, մեկնաբանություն թողնել, քննարկել ու քվեարկել հոդվածի օգտին՝ նպաստելով, որ այն դառնա գլխավոր նորությունը կայքում:
կայքի այցելուների թողած մեկնաբանություններում գերակշռում էր հարցը, թե որտե՞ղ է Արմենիան, այն Մասաչուսեթսո՞ւմ է գտնվում, Փենսիլվանիայո՞ւմ, կամ միգուցե Կանադայի հարավո՞ւմ:

Սակայն հենց Հայաստանում` երեւանյան փոքրիկ սրճարաններից մեկում էր հանդիպումը, որ նախաձեռնել էին լրատվական սոցիալական ամենախոշոր կայքերից երկուսի հիմնադիրները, այն երկրում, ուր լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը մշտապես բախվում են լուրջ խոչընդոտների:

«Իսկ ինչո՞ւ որոշեցիք այս հանդիպումը կազմակերպել հենց Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Reddit -ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանեց, որ իրենք հաճախ են նման հանդիպումներ կազմակերպում` փորձելով միայն վիրտուալ տարածքում իրար ճանաչող մարդկանց մեկտեղ հավաքել եւ արդեն իրական կյանքում շփվել, ու քանի որ այժմ երկուսն էլ Հայաստանում են, որոշեցին նման մի հանդիպում էլ Հայաստանում կազմակերպել:

Ապավիրտուալացում. հանդիպումը ջերմ էր

Սրճարանի մտերմիկ մթնոլորտում մոտ տասը հոգանոց խումբը ամենաաղմկոտն էր, հանդիպմանը սոցիալական լրատվական ցանցերի երկու հիմնադիրներ էին, սակայն զրույցները ամենեւին էլ վիրտուալ
Reddit/ Fark փարթին, Երեւան, 15-ը ապրիլի, 2010թ.
իրականության մասին չէին, այլ կյանքի, առօրյայի, Հայաստանի, տպավորությունների…

Հարցին, թե ո՞րն է Հայաստան այցելելու նպատակը, Ալեքսիսը արձագանքեց, որ Հայաստան եկել է արյան կանչով, չնայած նույնիսկ իր պապը արդեն Միացյալ Նահանգներում է ծնվել: Ալեքսիսը խարբերդցու եւ բիթլիսցու ժառանգ է, հոր պապն ու տատը ցեղասպանությունից փախել են Միացյալ Նահանգներ:

«Միշտ ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, որ ճանապարհորդել եմ շատ երկրներում, սակայն հայկական արմատներ ունենալով` Հայաստանում չեմ եղել, հայերի հետ չեմ շփվել: Ցանկանում էի գալ, սակայն գիտեի, որ մի քանի օրը բավական չի լինի, պիտի գայի եւ ապրեի այստեղ մի որոշ ժամանակ, այդ պատճառով էլ կամավորական ծրագրով երեք ամսով եկա Հայաստան», - ասաց նա:

Չնայած հայկական արմատներին եւ իմացած մի քանի հայերեն բառերին, Ալեքսիսն ասում է` պատկերացում չուներ, թե ուր է գալիս. - «Ես մեծացել եմ Մերիլենդում, որտեղ հայեր գրեթե չկան, եւ չի կարելի ասել, թե ես հայկական սփյուռքի ներկայացուցիչ եմ, քանի որ միայն իմ ընտանիքն էր հայկական իմ շրջապատում: Երբ գալիս էի, բացարձակ պատկերացում չունեի Հայաստանի մասին, միակ բանը, որ գիտեի, այն է, որ ուտելիքն է համեղ, լավաշն ու հոմուսը գիտեի եւ ուրիշ ոչ մի բան: Բայց երբ առավոտյան ժամը 3-ին ինքնաթիռը վայրէջք կատարեց, շատ հուզումնալից պահ էր, չէի հավատում, որ Հայաստանում եմ, իմ հայրենիք եմ եկել, եւ շատ ոգեւորված էի, որ վերջապես Հայաստանը` որպես պետություն, տնօրինում է իր ճակատագիրը, ու ամեն ինչից հետո` Հայաստանում պետություն կա, անկախ պետություն, դա իրոք ոգեւորիչ է»:

Հանդիպում հայ բլոգերների հետ

Հայաստանում գտնվելու ընթացքում Ալեքսիսը երկու անգամ հանդիպում է ունեցել հայ բլոգերների ու սոցիալական մեդիայով հետաքրքված հասարակության հետ «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ: Հանդիպումների ընթացքում ներկայացրել է իրենց փորձը եւ պատմել, թե ինչպես կարելի է հաջողության հասնել` օգտագործելով սոցիալական մեդիայի մեխանիզմներն ու հնարավորությունները, ստեղծել ազատ հարթակ մտքերի փոխանակման համար:

Ալեքսիսը պատմում է, թե ինչպես է հիմնադրել Reddit կայքը 2006 թվականին, երբ նոր էր ավարտել համալսարանը:

«Ես եւ ընկերս, երբ ցանկանում էինք գործ սկսել, մի ժամի չափ խելք խելքի տվեցինք, թե ինչ խնդիր կարող ենք լուծել մեր գործով: Սկսեցինք մեզնից` ինչի՞ կարիք ունենք. ասենք ես, առաջինը, ինչ անում եմ արթնանալուց հետո, բացում եմ համակարգիչս եւ աչքի եմ անցկացնում նորությունները տարբեր կայքերում: Այդպես էլ ծնվեց գաղափարը` ստեղծել մի կայք, որը մեկ էջի վրա կհամախմբի բոլոր կարեւոր եւ հետաքրիր նորությունները եւ թույլ կտա մարդկանց իրենց քվեարկությամբ որոշել, թե որ նորությունն է կարեւոր ու հետաքրքիր, եւ որը` ոչ»:

Ալեքսիսի հետ հանդիպմանը եկած կանադահայ Արեգը այն փոքրաթիվ մարդկանցից է Հայաստանում, որոնք հաճախ են բացում Reddit-ը: Ասում է` իր համար սոցիալական մեդիա կայքերում գրավիչն այն է, որ մարդիկ են իրենց քվեարկությամբ որոշում, թե որ լուրն է առաջինն ու գլխավորը լինելու, այլ ոչ թե լրատվամիջոցների խմբագիրները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք Reddit-ի կամ Fark-ի պես սոցիալական մեդիաների ստեղծումը Հայաստանում, Ալեքսիսը պատասխանեց. - «Հուսամ` այո: Ես ուրախ կլինեի, եթե Հայաստանի մասնագետներից մեկը որոշեր ստեղծել նման բան, որովհետեւ կոնկրետ հայերի մասին խոսելիս պետք է հիշենք, որ շատ են դեպքերը, երբ հայերը նշանակալի նվաճումների են
հասնում ամենուրեք, եւ արդեն վաղուց ժամանակն է, որ այդ երկար ցուցակը համալրվի նաեւ այստեղ տեղի ունեցող նշանակալի գործերով։ Մեր ամենամեծ առավելությունը սփյուռքն է, որը շատ ակտիվ կարող է ներգրավվել Հայաստանին վերաբերող նորությունների քննարկմանը»:

Fark-ի հիմնադիր Դրյու Քըրթիսն էլ ասում է. - «Իմ հայրենի Քենթաքի նահանգը տեխնիկապես զարգացած չէ, այնտեղ ֆինանսական կամ մտավոր ռեսուրսներ չկան, սակայն եթե ես ստեղծեցի Fark-ը Քենթաքիում զրոյից, ապա յուրաքանչյուրը դա կարող է անել այստեղ»:

Հայաստանի բլոգերներից Սամվել Մարտիրոսյանն ասում է, սակայն, որ Հայաստանում լրատվական ուղղվածությամբ սոցիալական կայքերը ժողովրդականություն չեն վայելում, հայկական նման միակ կայքը` khosq.com-ը, ստեղծվել է 2008-ի մարտյան իրադարձությունների ամենաթեժ շրջանում, սակայն այդ կայքի կյանքը կարճ էր, այն շատ արագ վերածվեց ոչ թե քննարկումների, այլ բախումների հարթակի եւ այլեւս չի գործում:

«Հայաստանում այդպիսի կայքերը չեն աշխատում», - ասում է Սամվել Մարտիրոսյանը: - «Բեւեռացված զանգված է մտնում կայք եւ տեղադրված հոդվածներն ու նրանց բովանդակությունը երկրորդ պլան է մղվում, կարեւոր է դառնում «մերոնքական ես, մերոնքական չես» սկզբունքը, եւ կայքը արագ սպառում է իրեն: Հայաստանյան հասարակությունը գերադասում է odnoklassniki-ի տիպի կայքերը, արդեն հայտնվում են նաեւ դրանց հայկական տարբերակները, իսկ լրատվական ուղղվածությամբ սոցիալական կայքեր չկան»:

Սակայն Սամվել Մարտիրոսյանը չի բացառում, որ ինտերնետի զարգացման եւ նրա նկատմամաբ հետաքրքրության մեծացումը հանգեցնի այլ տիպի սոցիալական ցանցերի առաջացմանը եւս:

Ինչ վերաբերում է խոսքի կամ մամուլի ազատության հետ կապված Հայաստանի խնդիրներին, Ալեքսիս Օհանյանը կարծում է, որ միջազգային կազմակերպությունների կողմից վերջին տարիներին տրվող բացասական գնահատականները խոչընդոտ չեն. - «Ինտերնետի լավն էլ հենց դա է` այն ազատ հարթակ է, այն հրաշալի է այդ առումով` անսահման է եւ տեսականորեն ամբողջովին անվերահսկելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG