Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությունը «պատրաստ է ցանկացած ուսումնասիրությունների»


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (կենտրոնում) ասուլիսի ժամանակ: 19-ը ապրիլի. 2010թ.

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (կենտրոնում) ասուլիսի ժամանակ: 19-ը ապրիլի. 2010թ.

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության կողմից բնապահպանության նախարարությունում անցկացվող ստուգումներին, ասաց, որ իրենք «պատրաստ են ցանկացած ուսումնասիրությունների»: Նախարարը խոսել է նաեւ Հայաստանում ուրանի հանքավայրի ուսումնասիրման եւ հնարավոր շահագործման հարցի վերաբերյալ։

«Եվ այն պահանջվող փաստաթղթերը, որը անհրաժեշտ է այդ աշխատանքների իրականացման համար, մենք նաեւ ներկայացրել ենք դատախազություն: Այսինքն՝ մեզանից պահանջել են այդ փաստաթղթերը, եւ մենք այդ փաստաթղթերը նաեւ ներկայացրել ենք գլխավոր դատախազություն», - հավելեց նախարարը:

Նշված ստուգումները նպատակ ունեն պարզելու, թե 2006-2009 թվականների ընթացքում ինչ արդյունավետությամբ են ծախսվել պետբյուջեից հատկացված միջոցները, որոնք պետք է ուղղվեին Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ անցած անտառածածկ տարածքների մաքրմանը:

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ստուգումներ ու դրանց անցկացումը հանձնարարել ֆինանսների նախարարությանը, քանի որ դատախազությունը նման ստուգումներ անցկացնելու իրավունք չունի:

Նշենք, որ նշված աշխատանքներն իրակացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում պետբյուջեից հատկացվել էր 400 միլիոն դրամ, եւ մամուլում հրապարկումներ եղան այդ միջոցներն ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ։

Նախարարը տեղեկացրեց, թե կառավարությունը քննարկում է առաջիկա երեք տարիներին Սեւանա լճում ձկնորսության արգելման հարցը, քանի որ կա ձկնային պաշարների համալրման խնդիր։ Ներկայացրեց Սլճի այսօրվա մակարդակը` 1899 մետր եւ 53 սանտիմետր. մեկ տարվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 55 սանտիմետրով։

Արամ Հարությունյանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական համատեղ ձեռնակության կողմից Հայաստանում ուրանի հանքավայրի ուսումնասիրման եւ հնարավոր շահագործման հարցին։

«Այս պահի դրությամբ, իրականացվում են արխիվային փաստաթղթերի գնահատման եւ ուսումնասիրության աշխատանքները», - ասաց նախարարը՝ շեշտելով. - «Ոչ թե շահագործման, այլ ուսումնասիրության: Ինչպես գիտեք, նախկինում այդպիսի ուսումնասիրություններ եղել են Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ արխիվային նյութերը այնուհետեւ տեղափոխվել էին Ռուսաստանի Դաշնություն: Հավելեմ, որ ուրանը իրենից վտանգ կարող է ներկայացնել միայն հարստացման ժամանակ»:

Նախարարը հավելեց, թե այժմ ուրանի հանքավայրի շահագործման մասին խոսելը վաղաժամ է, եւ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կկատարվեն գիտական ուսումնասիրություններ, ինչից հետո միայն պարզ կդառնա ուրանի հանքավայրի շահագործման հարցը։

Սյունիքի մարզում` Քաջարան քաղաքի մոտ գտնվող Լեռնաձոր համայնքում, ուրանի հանքավայրի հետ կապված աշխատանքները տանելու համար 2008 թվականին Հայաստանի Հանրապետությունը` հանձինս Բնապահպանության նախարության, որի իրավասության ներքո այն ժամանակ գտնվում էր նաեւ երկրի բնական պաշարների կառավարումը, եւ ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» ընկերությունը 50/50 փայաբաժնով ստեղծել են «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որն էլ ներկայում իրականացնում է վերոհիշյալ աշխատանքները։

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնապահպանական հարցերով զբաղվող «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նախ ասաց, թե, իր տեղեկություններով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը ոչ միայն պետք է զբաղվի ուրանի հանքավայրի ուսումնասիրությամբ, այլեւ` հանքահանումով: Նա ավելացրեց, որ համաձայն չէ նախարար Արամ Հարությունյանի հետ, թե այժմ կատարվում է միայն փաստաղթերթի ուսումնասիրություն։

«Դա դաշտային հետազոտություն է: Երկու հազար նմուշ արդեն վերցված է», - ասաց Զարաֆյանը՝ շարունակելով. - «Իրենց ասելով՝ ուղարկում են [նմուշները] արտասահմանյան ուրիշ կազմակերպություն: Ռուսաստան չեն ուղարկում»:

«Այնտեղ ոչ մի բնապահպանական նորմի անգամ պահանջ դրված չէ», - ընդգծեց նա: - «Բնապահպանության նախարարությունը ստորագրել է այդ պայմանագիրը եւ ոչ մի պահանջ չի դրել այդ կազմակերպության առջեւ»:

Ըստ Զարաֆյանի, նաեւ այդ պատճառով ուրանի հանքավայրի հետ կապված աշխատանքները շատ են մտահոգում տեղի բնակչությանը. - «Տեղի ժողովուրդը դեմ է այդ ծրագրին: Ժողովուրդը ասում է՝ դուք ուսումնասիրությունները ինչի՞ համար եք կատարում, մենք հիմա արդեն չգիտենք՝ մեր տները այստեղ կառուցե՞նք, թե՞ չկառուցենք, այստեղից գնա՞նք, թե՞ չգնանք»:
XS
SM
MD
LG