Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Բալայան. «DPA-ն, ամենայն հավանականությամբ, Մոթաքիի ելույթը ներկայացրել է որպես եզրափակիչ փաստաթուղթ»


Շաբաթ եւ կիրակի օրերին Թեհրանում անցկացված «Միջուկային էներգիա` բոլորի համար, միջուկային զենք` ոչ մեկի համար» համաժողովի փակման արարողության ժամանակ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին ոչ թե ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել, այլ հանդես է եկել եզրափակիչ ելույթով: «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

«Գերմանական գործակալությունը, ամենայն հավանականությամբ, Իրանի արտգործնախարարի ելույթը ներկայացրել է որպես եզրափակիչ փաստաթուղթ: Հայկական պատվիրակությանը նման բովանդակությամբ փաստաթուղթ համաձայնեցման համար չի ներկայացվել», - հավելեց Բալայանը:

DPA լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե թեհրանյան համաժողովի փակման արարողության ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթ, որում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին միացած երկրների միջուկային իրավունքների միջազգային ճանաչման կոչ է արվում: Ըստ DPA-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հասցեագրվելիք այդ փաստաթղթում, մասնավորապես, անդրադարձ կա Իսրայելի «սիոնիստական ռեժիմին», որից պահանջվում է հետեւել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ տալ տեսչություն իրականացնել իր ատոմակայաններում:

DPA-ն հաղորդել է նաեւ, թե Թեհրանի համաժողովի մասնակիցների թվում են 10 երկրների, այդ թվում` Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հայաստանի արտգործնախարարները, մինչդեռ, ինչպես պարզաբանեց Տիգրան Բալայանը, Հայաստանից համաժողովին մասնակցել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG