Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կիպրոսի ղեկավարի ընտրություններում հաղթեց ազգայնական գործիչը


Դերվիշ Էրօղլուն տոնում է իր հաղթանակը ընտրություններում, Նիկոսիա, 18-ը ապրիլի, 2010թ.
Դերվիշ Էրօղլուն տոնում է իր հաղթանակը ընտրություններում, Նիկոսիա, 18-ը ապրիլի, 2010թ.

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալների` ազգայնական գործիչ, Ազգային միասնության կուսակցության ղեկավար Դերվիշ Էրօղուն ստացել է քվեների 50, գործող նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը` 42 տոկոսը:

Այսպիսով, առաջիկա 5 տարիներին ինքնահռչակ հանրապետությունը կղեկավարի մի գործիչ, որն իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում խիստ քննադատական վերաբերմունք է ունեցել կղզու վերամիավորման շուրջ ընթացող բանակցությունների հանդեպ:

Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սակայն, Էրօղլուն փորձել է հերքել տարածված այս կարծիքը` ասելով. - «Ես ականատեսն էի այն ամենի, ինչ տեղի ունեցավ կղզու հարավային եւ հյուսիսային հատվածների, կիպրոսցի հույների եւ թուրքերի միջեւ: Այդ իսկ պատճառով, ես շատ ավելի եմ հակված խնդրի լուծմանը, քան այն մարդիկ, որ պնդում են, թե ես անզիջում դիրքորոշում ունեմ»:

Թուրքական մամուլում երկուշաբթի օրը բազմաթիվ հրապարակումներ կան, որոնց համաձայն` Էրօղլուի հաղթանակը պաշտոնական Անկարայի քաղաքական լուրջ պարտությունն էր:

Hurriyet-ի առաջատար մեկնաբաններից մեկը` Յուսուֆ Քանլըն գրում է. - «Վերջին երկու շաբաթների ընթացքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող տասնյակ պատգամավորներ եւ քաղաքապետներ մեկնեցին Հյուսիսային Կիպրոս` հանդիպելով բնակչության այն խմբերի հետ, որոնք կղզի են տեղափոխվել Թուրքիայից: Վարչապետ Էրդողանի PR-ն ապահովող գործակալության ավելի քան 40 աշխատակիցներ անվճար հիմունքներով աշխատում էին Հյուսիսային Կիպրոսի գործող նախագահի օգտին: Սրան էլ գումարած` մի խումբ թուրք գործարարներ, որ համարվում են վարչապետ Էրդողանի մերձավոր բարեկամները, վերջին շրջանում պարզապես չէին լքում կղզու հյուսիսային հատվածը»: Հոդվածագիրը պաշտոնական Անկարայի միջամտությունը կիպրոսյան ընտրություններին որակում է որպես աննախադեպ:

Թուրքական մամուլի համոզմամբ, այս ամենը մի նպատակ ուներ` բացառել Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացի հնարավոր սառեցումը:

Թուրքիայի վարչապետը, NTV հեռուստաալիքի եթերում անդրադառնալով թեմային, հայտարարել է. - «Ցանկացած գործիչ, որ Հյուսիսային Կիպրոսի նախագահ կընտրվի, պետք է շարունակի բանակցությունները: Սա մի որոշում է, որ Թուրքիան է կայացրել` որպես խաղաղ գործընթացի երաշխավոր»: Էրդողանի խոսքով` Թուրքիայի նպատակն է մինչեւ 2010 թվականի ավարտը հասնել Կիպրոսի խնդրի լուծմանը:

Կիպրոսի հունական հատվածի ղեկավարությունը ազգայնական թեկնածուի հաղթանակը որակել է որպես «բացասական զարգացում»:

«Հաշվի առնելով կղզում երկու անկախ պետությունների գոյության անհրաժեշտության մասին պարոն Էրօղլուի բազմիցս արտահայտած տեսակետը` մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցությունների անցկացման ճանապարհին լուրջ խնդիրներ են ի հայտ եկել», - նշել է Կիպրոսի Հանրապետության կառավարության խոսնակ Ստեֆանոս Ստեֆանուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG