Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նախագահը պետք է հրավիրի արտահերթ ընտրություններ կամ արմատապես փոխի արտաքին եւ ներքին քաղաքականությունը»


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրավիրի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կամ պետք է արմատապես փոխի իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

«Կա'մ պիտի բովանդակային շրջադարձ կատարի եւ իր արտաքին եւ ներքին քաղաքական հիմքերը էապես փոխի, կա'մ պետք է հրավիրի համապետական նոր ընտրություններ: Միայն պարբերաբար սփյուռք այցելելով եւ իսկապես գեղեցիկ, գունագեղ, ռոմանտիկ ճառեր արտասանելով չէ, որ մենք ունենալու ենք ժամանակակից Հայաստանի ժողովրդավարական եւ մրցունակ քաղաքականություն», - ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը դերզորյան եւ վաշինգտոնյան գեղեցիկ ճառերից պետք է անցում կատարի դեպի իրական քաղաքականություն եւ խոսքերը վերածի գործի: Եթե նախագահը դա չանի, ապա ցույց կտա, որ «ժողովրդին խաբելու քաղաքականությունը շարունակվում է»:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության հիմնադրի, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր որոշումը, պարզ կդառնա՝ արդյո՞ք նա վերադառնում է ազգային, պետական եւ քաղաքացիական ուղի, թե՞ իրականցանում է բլեֆի մարտավարություն, երբ «ասում է շատ գեղեցիկ մի բան, բայց իրական կյանքում անում է հակառակը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը Հայաստանի առաջին արտգործանախարարը որակեց «անարժանապատիվ եւ հակապետական»: Նրա համոզմամբ, աննախադեպ հարված հասցվեց Հայաստանի ազգային անվտանգությանն ու Հայաստանի քաղաքացու արժանապատվությանը, երբ Հայաստանի իշխանությունները իրենց ստորագրությունը դրեցին այդ արձանագրությունների տակ, որոնք պարունակում են «ուղղակի եւ անուղղակի բազմաթիվ նախապայմաններ»: Այժմ, նրա խոսքով, միայն ստորագրությունները հետ կանչելով խնդիրը չի լուծվի. Հայաստանն իր քաղաքականությունը էապես փոխելու անհրաժեշտություն ունի:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, բոլորի համար էլ հասկանալի է, որ թե' ներքին եւ թե' արտաքին քաղաքական մարտահրավերները կուտակվել են, ակնհայտ են նաեւ քաղաքացիական պոռթկման նախադրյալները: Եվ այժմ կա'մ պետք է հաշտվել իրականության հետ, կա'մ ցույց տալ, որ ունակ ենք երկրի ներսում «քաղաքացիական պահանջով եւ գործով» իշխանության բովանդակությունն ու անձնակազմը բարձրացնել մի մակարդակի, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել օրինական եւ իրավական երկիր, որը կկատարի նաեւ մեր արտաքին քաղաքական գործառույթները:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե դա պարզ կլինի Սերժ Սարգսյանի առաջիկա քայլերից. - «[Եթե] Վերադարձից հետո, այս որոշման հաջորդ հրապարակումից հետո չի երեւում, որ կա այդտեղ հանձնառությունը, ծրագիրը՝ Հայաստանը դարձնել իրավական, օրինական, ռելեվանտ, պատկան եւ մրցունակ պետություն, այլ կերպ չկա, իմ կարծիքով, քան արտահերթ ընտրություններ: Կամ էլ ժողովուրդը ինքը պետք է ընտրի՝ ինչպես Հայաստանը փրկել սպասվող արհավիրքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG