Մատչելիության հղումներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը «օրինաչափ» է, բայց «ոչ արդյունավետ»


Հայաստան -- Հայկական դրամի սիմվոլը Կենտրոնական բանկի շենքի առջեւ

Հայաստան -- Հայկական դրամի սիմվոլը Կենտրոնական բանկի շենքի առջեւ

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու` Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 13-ի որոշումը տվյալ դեպքում օրինաչափ է, սակայն սպասվող արդյունքը «մեծ լինել չի կարող»։

«Շատ ցածր է լինելու սրա արդյունավետությունը: Ընդհանրապես տոկոսադրույքների քաղաքականության դերը մեր տնտեսության մեջ բավականին ցածր է», - ասաց նա:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան:
Հայաստանում արձանագրվող ներկայիս գնաճը, Բագրատ Ասատրյանի մեկնաբանությամբ, տնտեսության շուկայական օրինաչափություններին այնքան էլ չի առնչվում։ Անշուշտ, ըստ նրա, այս պարագայում առկա են համաշխարհային տնտեսությամբ պայմանավորված գնաճային ճնշումներ։ Առավել էական գործոնը, սակայն, Ասատրյանի խոսքերով, Հայաստանում գնաճի պատճառ դարձած զուտ վարչական, այլ ոչ թե շուկայով պայմանավորված քայլերն են։ Օրինակ` գազի թանկացումը։

«Գազի գնի թանկացումը դա զուտ վարչական վճիռ է: Այստեղ ոչ շուկայական մեխանիզմն է աշխատում», - նշեց Ասատրյանը՝ շարունակելով. - «Սրա դեմը Կենտրոնական բանկը փորձում է առնել մոնետար գործոնով: Պարզ է, որ սրա ազդեցությունը լինելու ցածր»:
Բագրատ Ասատրյան. Երկիրը մենաշնորհների, մի բուռ մարդկանց ձեռքում է, որոնք, իհարկե, թշնամի են փոքր բիզնեսին


Ճգնաժամային, եւ ոչ միայն այդ ժամանակահատվածում չափազանց շատ ենք լսել փոքր ու միջին բիզնեսը խթանելու մասին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքով խթանումը Հայաստանի պարագայում, ինչպես ԿԲ-ի նախկին ղեկավարը արդեն նշեց, առանձնապես դեր չունի։

«Միշտ առաջին տուժողը բոլոր դեպքերում եղել է փոքր ու միջին բիզնեսը՝ առանց սրա էլ լավ տուժած: Տեղ չի մնացել, որ այս տոկոսը ազդի… Իսկ եթե ուզում եմ փոքր բիզնես զարգացնեն, բոլորն էլ գիտեն, որ այդտեղից չեն սկսելու: Երկիրը մենաշնորհների ձեռքում է, մի բուռ մարդկանց ձեռքում է, որոնք, իհարկե, թշնամի են փոքր բիզնեսին», - ասաց Ասատրյանը՝ ամփոփելով, որ այդ հիմնախնդիրը քաղաքական լուծում է պահանջում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) արդարացված է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը։

Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Մինասյանը նշեց, թե այն, տնտեսական ակտիվությունը կասեցնելու առումով, առանձնապես մեծ ռիսկեր չի առաջացնի։

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան:
Զարգացած տնտեսություններում վերաֆինանսավորման տոկոսադրույքը համարվում է մի կողմից տնտեսությունը խթանելու, մյուս կողմից՝ գնաճը զսպելու կարեւորագույն գործիքներից մեկը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման արդյունքում, վարկային միջոցներն ավելի հասանելի են դառնում տնտեսվարողների համար, ինչը հանգեցնում է տնտեսության ակտիվացմանը։ Իր հերթին, սա առաջացնում է գնաճ, որի ահագնացումը զսպելու համար արդեն, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է։ Նման դեպքերում, ինչպես ասում են տնտեսագետները, հարկ է կանգ առնել «ոսկե միջինի» վրա։

Գալով մեր իրականությանը՝ նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանում արձանագրվել է կանխատեսված ցուցանիշը գերազանցող զգալի գնաճ, ըստ Կենտրոնական բանկի` 8,8 տոկոս։ Ահա հենց այս հանգամանքով է Գագիկ Մինասյանը պայմանավորում ԿԲ-ի որոշումը։ Այսինքն, նրա պարզաբանմամբ՝ թեեւ ունենք նախատեսվածից երկուեւկես անգամ բարձր տնտեսական աճ, սակայն, քանի որ ունենք նաեւ շատ ավելի բարձր գնաճ [առաջին երկու ամսվա ընթացքում՝ 8.2 տոկոս], քան պլանավորված էր [տարվա ընթացքում ՝ 4 պլուս-մինուս 1.5 տոկոս], ապա «իսկապես արդարացված է տոկոսադրույքի բարձրացումը, որը կնպաստի գնաճի մեղմմանը»:

Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացումն ու այն 7 տոկոս սահմանումը բացատրել է համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների պայմաններում տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի գերազանցմամբ, եւ ի արդյունք` առաջին եռամսյակում արձանագրված 8,8 տոկոսի գնաճով։

«Խորհուրդը գնահատում է, որ ձեւավորված մակրոտնտեսական միջավայրի եւ ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռեւս կպահպանվի։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խորհուրդը շարունակում է կարեւորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը», - ասված է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG