Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պահանջում է գազի սակագնի բարձրացման դեմ հայցադիմումի հրապարակային քննություն


Ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը բողոքի երթ էր կազմակերպել, որի մասնակիցները վարչական դատարանից պահանջում էին հրապարակային կերպով քննել գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող 7200 քաղաքացիների դիմումը։

Նախքան երթի մեկնարկը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաքվածների համար պարզաբանեց, որ իրենց հայցադիմումը վարույթ ընդունելով՝ վարչական դատարանը որոշել է քննել այն գրավոր ընթացակարգով։ Զուրաբյանի խոսքով, համաձայն օրենքի հասարակական հնչեղություն ունեցող հարցերը քննվում են բանավոր ընթացակարգով։

«Այ սրանից է, որ իշխանությունները վախենում են։ Նրանք չեն ուզում հարցի հրապարակային, բաց դատաքննություն։ Այդ պատճառով, կոպտորեն խախտելով օրենքը, նրանք որոշում են ընդունել հայցը քննարկել գրավոր ընթացակարգով», - ասաց Զուրաբյանը։ - «Մեր երթով գնալու ենք վարչական դատարան՝ ապացուցելու մի բան, որն արդեն վաղուց ապացուցված է. այն, որ այս հարցը ունի հասարակական մեծ հնչեղություն»։

Երթի մասնակիցները գրավոր ուղերձ հանձնեցին վարչական դատարան, որով պահանջում էին՝ «կազմակերպել ամբողջ հասարակությանը հուզող հարցի հրապարակային դատաքննություն»:



Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, ապրիլի 6-ին ավելի քան 30 հազար էջից բաղկացած հայցադիմում ներկայացվեց վարչական դատարան՝ ապրիլի 1-ից գազի սակագները 37 տոկոսով բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից բարձրացել է՝ հասնելով 180 դոլարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG