Մատչելիության հղումներ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանի անտառապատ երեք մարզերում կատարած իր հետազոտությունների արդյունքներով եզրակացություն է արել, որ Հայաստանին նոր բնապահպանական խնդիրներ են սպասում. գազասպառողների թիվն զգալի կպակասի ու փայտահատների թիվը` կավելանա:

«Հենց հիմա գործող գազի սակագները այնքան ոչ ձեռնտու են մարդկանց, որ նույնիսկ գազ ունեցող մարդիկ գերադասում են վառելիքի համար գազ չօգտագործել, այլ փայտ են օգտագործում: Գոնե անտառամերձ տարածքներում, ակնհայտ է, որ արդեն հիմա հրաժարվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հրանուշ Խառատյանը` հավելելով. - «Վստահ եմ, որ նույն խնդիրը կարող է լինել նաեւ ոչ անտառամերձ լեռնային շրջաններում, որտեղ մարդիկ հրաժարվում էին աստիճանաբար աթարից եւ վառելիքի այդպիսի ձեւերից եւ փորձում էին գազ օգտագործել. այսօրվա իրավիճակում գազ օգտագործելը ոչ թե ձեռնտու չէ, այլ հնարավոր չէ, այդքան միջոց չունեն մարդիկ»:

Ազգագրագետը տագնապած է: «Մենք կունենանք անտառածածկ տարածքների նոր կորուստներ, սակավաջրություն եւ անապատացում», - ասում է նա:

Հրանուշ Խառատյանը կասկածում է, թե գազի թանկացումը ձեռնտու կլինի նույնիսկ գազ վաճառող ընկերությանը` «ՀայՌուսգազարդ»-ին: Նա համոզված է, որ «ՀայՌուսգազարդ»-ին գազի սակագնի ավելացումը տնտեսապես շահավետ չի լինելու, եւ ընկերությունը կորցնելու է զգալի թվով սպառողների. - «Եթե մարդիկ հրաժարվեն գազ օգտագործելուց` նրանց թիվը զգալիորեն մեծ կարող է լինել, ապա կարծում եմ, որ նրանց [«ՀայՌուսգազարդ»-ի] եկամուտը կարող է չգերազանցել հենց հիմիկվա եկամուտը»:

«Սկսում եմ երբեմն մտածել, որ այստեղ ավելի շուտ քաղաքական պատճառ կա. արդյո՞ք Ռուսաստանի կողմից պնդում կար գազի գին ավելացնելու, եթե մարդիկ հաշվարկներով տեսած կլինեն, որ իրենք կզրկվեն մի շարք սպառողներից», - ընդգծեց ազգագրագետը:

Նա հետազոտություններ իրականացրել է Կապանի, Գորիսի, Իջեւանի եւ Ալավերդու տարածաշրջանների 7 համայնքներում: Բնակիչներն ասել են, որ հատկապես ջեռուցման նպատակով այլեւս կնախընտրեն վառելափայտ օգտագործել, չնայած ոչ քաղաքակիրթ ապրելաձեւի մասին կամաց-կամաց մոռանում էին, ասում է Հրանուշ Խառատյանը:

«Ինձ հետ զրուցած, իմ ֆոկուս խմբերին մասնակցած մարդկանց մեջ գործնականում չկա ոչ մեկը, որը չմտածի գազի սպառման ծավալների նվազեցման մասին, իսկ շատ-շատերը ընդհանրապես են մտածում, որ գազ առհասարակ չեն օգտագործի», - փոխանցեց ազգագրագետը:

Եվս երեք համայնքում հետազոտությունը կշարունակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG