Մատչելիության հղումներ

Գյունտեր Գրասը Թուրքիային հորդորել է ներողություն հայցել հայերից


Գյունտեր Գրաս
Գյունտեր Գրաս

Գերմանացի աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը Թուրքիային կոչ է արել հայերից ներողություն հայցել 1915 թվականի հանցանքի համար։ Այդ կոչը նա արել է Ստամբուլում, որտեղ մասնակցել է «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» խորագրով կազմակերպված հավաքին։

Որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, թե Գրասը հորդորել է ճանաչել ցեղասպանությունը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հաթեջյանը, գերմանացի գրողն այդ տերմինը չի կիրառել։

Ստամբուլահայ լրագրողի փոխանցմամբ, Գյունտեր Գրասի այցի օրակարգում կար հանդիպում թուրք ամենահայտնի գրողներից մեկի` Յաշար Քեմալի հետ։

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի ամառանոցում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում զրուցելով լրագրողների հետ` Գրասը ասել է, թե ժամանակին ինքը համակրել է նացիստներին եւ չի հավատացել նրանց հանցագործությունների մասին տեղեկություններին, բայց երբ ի վերջո ուսումնասիրել է հրեաների հանդեպ իրագործված վայրագությունների, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի մասին նյութերը, հաշտվել է իր անցյալի հետ։

Գրասի խոսքերով` մարդկության համար դժվար է, բայց շատ կարեւոր է կարողանալ հաշտվել անցյալի հետ։

«Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ժամանակին ծնկի է եկել եւ ներողություն հայցել հրեաներից։ Չե՞ք մտածում, որ հիմա ժամանակն է, որ Թուրքիան 1915-ի համար ներողություն հայցի Հայաստանից եւ Թուրքիայում ապրող հայերից», - Ռոբեր Հաթեջյանի փոխանցմամբ` ասել է Գրասը։

Ինչպես «Մարմարա»-ի խմբագրապետն է ասում, գերմանացի գրողը խուսափել է օգտագործել ցեղասպանություն տերմինը եւ ասել է, որ Թուրքիան պետք է վճռի, թե ինչպես է պետք որակել 1915-ի իրադարձությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG