Մատչելիության հղումներ

Ապրիլի 16-ի մամուլ


lragir.am-ը գրում է. - «Ակնհայտ է այն ոգեւորությունը, որ իշխանությունն ապրում է Վաշինգտոնից հետո: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունն ինքն էլ չէր սպասում, որ այդքան «էժան կպրծնի» ու ստիպված չի լինի կայացնել դժվարին որոշումներ: Ավելին, հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն էր գնում արդեն իսկ կայացրած որոշմամբ, ինչի մասին նա հայտարարեց ապրիլի 9-ին, թերեւս վկայում է, որ Հայաստանի իշխանությունը Վաշինգտոնում բոլորովին այլ բան էր սպասում ու նախապես պատրաստվել էր դրան: Բայց կարծես թե ամեն բան առնվազն հետաձգվում է, ինչն էլ դարձել է իշխանության ոգեւորության, ուրախության, էյֆորիայի պատճառ: Դավութօղլուին արդեն ստախոս ու լկտի են անվանում: Այնպիսի տպավորություն է, որ Վաշինգտոնից հետո Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունն այլեւս կարեւոր էլ չէ: Դա արդեն վկայում է, որ Հայաստանի իշխանությունը մի քիչ կարծես թե չափից շատ է թուլացել եւ ընդհուպ մոտեցել է իրականության, ժամանակի ու տարածության զգացողությունը կորցնելուն: Եթե գերտերությունների շահը ներկայում պահանջում է աջակցել Հայաստանին, քանի որ այն շատ հարմար եւ ազդեցիկ գործոն է Թուրքիայի հավակնությունները զսպելու կամ կառավարելու համար, ապա որեւէ երաշխիք չկա, որ վաղը չեն փորձի Հայաստանը դարձնել Թուրքիայի համար խայծ կամ կերակուր, այս անգամ էլ ախորժակը կառավարելու համար»:

«Ժամանակ»-ը հարցազրույց է վերցրել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանից: Հարց. - «Վաշինգտոնում Օբաման հայտարարեց, որ աջակցում է «հայկական ժողովրդավարությանը»: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում. դրանով Օբաման ժողովրդավարությո՞ւնն է պաշտպանում, թե՞ Սերժ Սարգսյանին: Կամ գուցե ժողովրդավարությունը Սերժ Սարգսյանի՞ց է պաշտպանում»: Պատասխան. - «ԱՄՆ-ի նախագահի կողմից ամեն ինչ հստակ է ասվել, որ նա պաշտպանում է Հայաստանում ժողովրդավարությունը, եւ հասկանալի չեն մեկնաբանությունները, թե դա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարություն է: Երբ նման բարձր մակարդակներում Հայաստանին ասում են, որ պաշտպանում ենք ժողովրդավարությունը, նա փայլուն հասկանում է, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում եւ ինչ զեկույցներ են ներկայացվում իր երկրի վերաբերյալ: Դրա համար պետք է շատ լուրջ վերաբերվել, թե ինչ է նշանակում այդ աջակցությունը: Հայաստանի հետ կապված գործընթացները մեծ հետաքրքրություն են ներկայացնում դրսում: Մի կողմից հայկական խնդիրները՝ Ցեղասպանություն, հայ-թուրքական ու ԼՂ հարցերը մտել են միջազգային քաղաքականություն, եւ բնական է, որ Հայաստանն այդ գործընթացներում մեծ արժեք է ներկայացնում, մյուս կողմից՝ մեծ կարեւորություն է տրվում նաեւ Հայաստանում առկա վիճակին, որովհետեւ այդ վիճակով են նաեւ պայմանավորված արտաքին խնդիրները»:

«Առավոտ»-ը գրում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը օրերս նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ-ի նախագահին եւ վեհաժողովում ազգային պատվիրակությունների անդամներին: Նամակում հիշեցվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկու անգամ հայտարարել է իր մտադրության մասին՝ արտաքսել այն հայերին, որոնք իբր ապօրինի են գտնվում Թուրքիայում: Հարությունյանը, մասնավորապես, նշել է, թե «նման անպատասխանատու հայտարարությունները ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ միջազգային բոլոր համաձայնագրերի եւ պայմանագրերի աղաղակող խախտում են» եւ պահանջում են Եվրոպայի խորհրդի, մասնավորապես, ԵԽԽՎ-ի «արագ արձագանքն ու սեւեռուն ուշադրությունը»: «Ցավալի է, որ մինչեւ այսօր ո'չ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ո'չ ԵԽԽՎ-ի նախագահը չեն արձագանքել նման անպատասխանատու հայտարարություններին, որոնք խախտում են կազմակերպության սկզբունքներն ու արժեքները», - գրել է Դավիթ Հարությունյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. - «Արդեն երկու տարի է՝ Տիգրան Սարգսյանն ամեն նստել-վեր կենալիս հայտարարում է, թե իր հիմնական խնդիրներից մեկը՝ օլիգոպոլիաների դեմ պայքարն է, խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելը եւ այլն: Ընդ որում, ակնհայտ է, որ այդ ոլորտում Տիգրան Սարգսյանի կառավարությունը կատարելապես ձախողվել է: Փաստորեն նա հիմա հրապարակավ ընդունում է այդ ձախողումը, բայց խնդիրը ներկայացնում է այնպես, թե իբր մեղավորը հարկային մարմիններն են: Իրականում սա շատ պարզունակ քարոզչական տրյուկ է, եւ ահա թե ինչու: Ով-ով, բայց Տիգրան Սարգսյանը շատ լավ գիտի, թե ում ձեռքին է կենտրոնացված խոշոր բիզնեսը: Գիտի նաեւ, որ այդ օլիգարխների «հարկային պարտավորությունների չափը» ո'չ ինքն է որոշում, ո'չ էլ Պետեկամուտների կոմիտեի նախագահը: Հայաստանում այս կամ այն օլիգարխին հարկային դաշտ բերելը կամ սնանկացնելը բացառապես քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշումներն ընդունում է Սերժ Սարգսյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Չնայած ճգնաժամի հետեւանքով Հայաստանում բանկեր չսնանկացան կամ չփակվեցին, այնուհանդերձ դա իր բացասական ազդեցությունն ունեցավ ինչպես տնտեսության, այնպես էլ ֆինանսական համակարգի վրա։ Ճգնաժամի պատճառով բազմաթիվ վարկառուներ կորցրին իրենց եկամուտները՝ զրկվելով նախկինում վերցրած վարկերի սպասարկման հնարավորությունից։ Փաստ է, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով բանկային համակարգում սկսեցին արագորեն ավելանալ ժամկետանց վարկերը։ Արդեն անցած տարվա երրորդ եռամսյակում դրանք հասան 65 մլրդ դրամի՝ կազմելով բանկերի վարկային պորտֆելի 8,1 տոկոսը։ Ընդամենը ինը ամսվա ընթացքում բանկերի ժամկետանց վարկերը կրկնապատկվեցին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG