Մատչելիության հղումներ

Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական տվեց


Կուրմանբեկ Բակեիւը հայրենի Թեյիթ գյուղից հեռախոսով խոսում է հարազատների հետ, 15-ը ապրիլի, 2010թ.

Կուրմանբեկ Բակեիւը հայրենի Թեյիթ գյուղից հեռախոսով խոսում է հարազատների հետ, 15-ը ապրիլի, 2010թ.

Հինգշաբթի ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը, վկայակոչելով Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության աշխատակազմի ղեկավար Էդիլ Բայսալովին, հաղորդեց, որ Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից։

«Միջազգային հանրության առանցքային պայմաններից մեկի համաձայն` Բակիեւը գրել է իր պաշտոնական հրաժարականը, ստորագրել ու հեռացել», - ասել է Էդիլ Բայսալովը։

Մինչ այս լուրը Բակիեւը լքել էր Ղրղըզստանը` հեռանալով հարեւան Ղազախստան։ Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների` Ջալալաբադից նա հեռացել էր օդանավով, որը, ենթադրաբար, նրա համար ուղարկել էր Ղազախստանը։ Օդանավը վայրէջք էր կատարել Ղազախստանի հարավում գտնվող Տարազ քաղաքի օդանավակայանում։

ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը հայտարարություն է տարածել, ուր նշված է, որ Բակիեւը Ղրղըզստանից հեռացել է ժամանակավոր կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո։ Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ Բակիեւի հեռանալը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համատեղ ջանքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության միջորդական ջանքերի արդյունք էր։

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, թե ձգտելու են, որ Բակիեւը կանգնի դատարանի առջեւ Ղրղըզստանում, կամ միջազգային դատարանում, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։

Ղազախստանում գտնվելու Բակիեւի ծրագիրը հայտնի չէ։ Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության պաշտոնյան ասել է, թե նա Ղազախստանից հավանաբար կգնա Թուրքիա։

Ղրղըզստանը լքելուց առաջ, նույն օրը Բակիեւը փորձել էր հանրահավաք անցկացնել Օշում` երկրի երկրորդ խոշոր քաղաքում, բայց այնտեղ նրան չընդունողները ավելի շատ էին, քան համակիրները։ Նրա թիկնապահները ամբոխին ցրելու համար նույնիսկ օդ կրակեցին, ճանապարհ բացեցին, ու Բակիեւը Օշից վերադարձավ իրենց գյուղը եւ նույն օրը երեկոյան լքեց երկիրը։

«Ասոշիեյթեդ փրես»-ը, վկայակոչելով ժամանակավոր կառավարության անդամ Տորչուբեկ Տուրգունալիեւին, հաղորդում է, որ ձերբակալվել է Ղրղըզստանի պաշտպանության նախկին նախարարը։ Նա ասել է, թե պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է ցուցարարների վրա կրակելու հրաման տալու մեջ։ Ապրիլի 7-ին անվտանգության ուժերը կրակ բացեցին կառավարական շենքերը գրոհողների վրա` սպանելով ավելի քան 80 մարդու։

Կուրմանբեկ Բակիեւը իշխանության էր եկել 2005 թվականին` «կակաչների հեղափոխության» արդյունքում։ Ընդդիմությունը նրան սկսեց մեղադրել իշխանությունը չարաշահելու, կոռուպցիայի ու բռնաճնշումների մեջ։

Ապրիլի 7-ի իրադարձություններից մոտավորապես մեկ շաբաթ առաջ Բիշքեկում անցկացված համաժողովում Բակիեւն ասել էր, թե ժողովրդավարության արեւմտյան մոդելը՝ ընտրություններն ու մարդու անհատական իրավունքների պաշտպանությունը, հարմար չէ Ղրղըզստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG