Մատչելիության հղումներ

Գիտնականները կարծում են, որ եթե անգամ այսօր գլոբալ արտանետումները ամբողջովին կանգնեցվեն, միեւնույնն է, տեղի կունենա կլիմայի փոփոխություն, քանի որ 90-ականներին արված արտանետումները, ըստ նրանց, բավարար են կլիմայի` աղետալի հետեւանքներ ունեցող փոփոխության համար:

«Ջերմաստիճանի` 3-4 աստիճանով բարձրացումը կարող է բերել առնվազն 330մլն մարդկանց տեղահանման, հատկապես ծովով շրջապատված փոքր երկրներում», - նշում է Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի աշխատակից Նարիրա Ասլանյանը` բացատրելով, որ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւոր միջոցներից է համարվում իրազեկումը:

Ապրիլի 22-ը աշխարհում նշվում է որպես Երկրի օր, որը համարվում է ամենամեծ բնապահպանական իրադարձությունը. տոնի հիմնադիրը Գեյլոնդ Նելսոնն է ԱՄՆ-ից, ով 1970 թվականին, երբ Սենատի անդամ էր, կազմակերպել է աշխարհում առաջին համազգային բողոքը` նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը: Ամեն տարի այդ օրը աշխարհում բազմաթիվ կամավորներ միանում են ակցիային` քարոզելով որդեգրել «կանաչ» ակրելակերպ, ստեղծել ավելի առողջ շրջակա միջավայր:

Երկրի օրը նշում ու համակարգում է «Երկրի օր» համաշխարհային ցանցը, որում ներառված են ավելի քան 17000 գործընկեր կազմակերպություններ աշխարհի 174 երկրներից:

«Հայաստանում նույնպես մի շարք միջոցառումներ են իրականացվում Երկրի օրվա կապակցությամբ. պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 1-ին կայացած ստորագրահավաքով, որին մասնակցել է մոտ 3600 քաղաքացի` համաձայնելով մի շարք բնապահպանական առաջարկների հետ», - պատմեց Հայաստանում Երկրի օրվա ներկայացուցիչ «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Գասպարյանը:

Առաջարկները, որոնք շուտով ներկայացվելու են կառավարությանը, հիմնականում վերաբերում են մեծ տարողունակությամբ եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների քանակի ավելացմանը, վերամշակված արտադրանքի խրախուսման համար արտոնյալ պայմանների տրամադրմանը, էներգիայի արտադրման այլընտրանքային եղանակների զարգացմանը եւ այլն:

XS
SM
MD
LG